Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծումն իր արտացոլումը կգտնի Հայաստանի պետբյուջեի նախագծում. ֆինանսների նախարար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծումն իր արտացոլումը  կգտնի Հայաստանի պետբյուջեի նախագծում. ֆինանսների նախարար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծումն իր արտացոլումը չի գտել Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծում։ Այդ մասին  նոյեմբերի 8-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։

Նախարարի խոսքով ՝ դա պայմանավորված է սեպտեմբերի վերջին կառավարության կողմից պետբյուջեի նախագծի հաստատմամբ, որից հետո սկսվել է փախստականների հոսքը։ Մնացած օրերին օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու հնարավորություն չի եղել։ Նախարարը վստահեցրել է, որ խորհրդարանի լիագումար նիստում երկրորդ ընթերցման ժամանակ այդ բացթողումը հաշվի կառնվի, եւ փաստաթղթում լրացուցիչ հատկացումներ կնախատեսվեն:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ բռնի տեղահանվածների համար կենսաթոշակների և նպաստների վճարման հետ կապված հարցերն անպայման իրենց արտացոլումը կգտնեն երկրի հիմնական տնտեսական օրենքում: Դա, ինչպես նշել է նախարարը, կհանգեցնի կենսաթոշակային վճարների մոտ 30 մլրդ դրամի աճի։ Վաղը կառավարության նիստում կհաստատվի համապատասխան որոշումը։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել փախստականների վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև նրանց աշխատանքի տեղավորմանն աջակցության ծրագրեր: Այս նախագծերը ներկայումս մշակման փուլում են: Եվ եթե պետբյուջեի նախագծի ընդունման պահին կառավարությունը չհասցնի հաստատել աջակցության այդ ծրագրերը, ապա միջոցները նախատեսված կլինեն կառավարության պահուստային ֆոնդում։

Նշենք, որ ըստ օրինագծի ՝ 2024 թվականին տնտեսության աճի տեմպերը նախատեսված են, առնվազն, 7 տոկոսի մակարդակում։ Պետական գանձարանի եկամուտները նախատեսված են 2 տրլն 566 մլրդ դրամ, ինչը 15,4% - ով բարձր է 2023 թվականի ծրագրից, իսկ ծախսերը՝ 3 տրլն 17 մլրդ կամ՝ 15,9% - ով ավելի։ Ծախսերի շարքում կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ կամ 22% - ով ավելի 2023 թվականի ծրագրից ։ Հաջորդ տարվա արդյունքներով հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ նախատեսվում է ավելացնել 0,75 տոկոսով ։

Բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3,2% - ը։ Արդյունքում՝ 2024 թվականի վերջին կառավարության պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 48,4 տոկոս, այսինքն՝ 50 տոկոսից ցածր։

Աղբյուրը՝   finport.am