«Եթե հասունացել է բիզնես ստեղծելու գաղափարը, ուրեմն վստահաբար այդ միջոցը կգտնվի, պետք է ռիսկի դիմել»․ Տաթև Բեյբության
«Մադամ» գործարար կանանց ակումբը տարեկան 2 անգամ ունենում է հատուկ համաժողով, որի ընթացքում քննարկվում են ակումբի գործունեության մանրամասները, առավելություններն ու թերացումները, նախագծվում են հետագա քայլերը, պլաններն ու ռազմավարությունը։ Օրերս համաժողովը տեղի է ունեցել Դիլիջանում։
Ակումբի նախագահ Տաթև Բեյբությանը մեզ հետ զրույցում անդրադառնում է ակումբի գործունեության նպատակներին և գործարարությամբ զբաղվող կանանց խնդիրներին։ Ակումբն իր գործունեությունը սկսել է մոտ 1,5 տարի առաջ։ Տաթև Բեյբությանը՝ շեշտում է, որ ակումբի անդամ գործարար կանայք ստանում են և գիտելիք, որի շնորհիվ կարողանում են իրենց բիզնեսն արդյունավետ կառավարել, և ունենում են միմյանց հետ շփվելու հնարավորություն, և կարողանում են նոր կապեր ձեռք բերել։
«Ակումբի հիմնական նպատակը մեր անդամների բիզնես գործունեության զարգացումն է, ակումբին անդամակցում են տարբեր բիզնեսներ հիմնադրած 60-ից ավելի գործարար կանայք։ Մենք ընդհանուր գիտելիքի և կրթության ծրագիր ենք մշակել, որ բոլորով միասին գիտելիքներ ստանանք, նաև փորձենք փորձի փոխանակում իրականացնել»,- ասաց նա։ Ակումբի հանդիպումները թեմատիկ են լինում, օրինակ, մարկետինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, նոր բիզնես գաղափարների ստեղծման և այլ թեմաներով բանախոսների հետ հանդիպումներ են անցկացվում։ Իսկ բիզնես այցերի տեսքով հանդիպումների ժամանակ տեղում ծանոթանում են տվյալ բիզնեսի կառավարման մանրամասներին ու խնդիրներին։
«Մեր գերնպատակը կանանց համար բիզնեսի ապահով պայմաններ երաշխավորելն է, օրենսդրական փոփոխությունների հասնելն ու միջազգային ակտերով սահմանվող արտոնություններից օգտվելն է»,- ասում է Տաթև Բեյբությանը։ Ինչպես է ծնվել «Մադամ» ակումբը ստեղծելու գաղափարը։ Տաթև Բեյբությանի խոսքով՝ մոտ 10 տարի ղեկավարել է մարկետինգային ընկերություն։ «Մեր ակումբի ստեղծման գաղափարն այնտեղից առաջացավ, որ մեր մարկետինգային ընկերությանը սկսեցին դիմել կին գործարարներ։ 10 տարիների ընթացքում սկզբում մեզ ավելի շատ տղամարդիկ էին գնում, հետո սկսեցին նաև կանայք դիմել, և եկավ մի փուլ, որ կանայք ավելի շատ էին դիմում մեզ։ Եվ որոշեցինք ստեղծել այսպիսի մի հարթակ, որտեղ կկարողանանք միմյանց օգտակար լինել։ Կրթություն, գիտելիք ստանալու ձևաչափով հանդիպումների ժամանակ շատ կարևոր է, որ կին բնախոսների ենք լսում, ովքեր ներկայացնում են իրենց տարիների փորձը։ Շատ հետաքրքիր է տեսնել, թե տարբեր կանայք ինչպես են ղեկավարում իրենց բիզնեսները»,- ասաց նա։
Հայաստանում կին գործարարների թիվն աճում է։ Ակումբի ստեղծումից հետո, Տաթև Բեյբությանի խոսքով, բավական մեծ թվով կին գործարարներ են սկսել իրենց դիմել։ «Ակումբը փակ ձևաչափ ունի, և չափանիշներ կան, բոլորը չեն կարող միանալ մեր ակումբին։ Օրինակ՝ իրենք պետք է ունենան տարիների փորձ, աշխատակիցների քանակ, և շրջանառությունը պետք է տարեկան գերազանցի 60 մլն դրամը։ Այն կանայք, ովքեր առաջին անգամ գալիս էին ինձ հետ հարցազրույցի և ունեին իրենց ստեղծած բիզնեսը, շատ հետաքրքիր ու ոգեշնչող ճանապարհ էին անցել։ Եվ ես դեռ այդ ժամանակ ևս մեկ անգամ համոզվում էի, որ բոլոր գործարարներն ունեն որևէ նմանություն ու ընդհանրություն, որ իրենք իրենց բիզնեսում հաջողել են»,- հավելեց նա։
Այսօրվա իրավիճակով պայմանավորված՝ «Մադամը» իրականացրել է մի շարք նախաձեռնություններ նաև՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու նպատակով։ Նրանց համար անվճար դասընթաց է կազմակերպվել, որտեղ դասավանդում են ակումբի անդամները։ «Մեր անդամներն իրենց գիտելիքով կիսվում են արցախցիների հետ։ Մենք արդեն ունենք առաջին խումբը, որտեղ տարբեր ոլորտներում իրենց բիզնեսն ունեցող կանայք են ընդգրկված՝ ժենգյալով հացի, քաղցրավենիքի, հացի արտադրություն և այլն։ Փորձում ենք աջակցել, որ իրենք կարողանան այստեղ էլ իրենց գործունեությունը շարունակել»,- նշեց նա՝ հավելելով, որ հետագայում նման դասընթացներ կկազմակերպեն նաև այլ թիրախ խմբերի համար։
Տաթև Բեյբությանը գործարարությամբ զբաղվելու ցանկություն ունեցող կանանց խորհուրդ է տալիս առանց վախենալու կյանքի կոչել իրենց մտահղացումները։ Նրա խոսքով՝ շատերն են դիմում և ցանկանում միանալ «Մադամին», նրանց թվում են և կանայք, ովքեր ցանկանում են բիզնես սկսել, և մինչև երեք տարի գործող փոքր բիզնեսները։ «Ցավոք, այս պահին չենք կարողանում իրենց ակումբ ընդունել, բայց գիտելիքի տեսանկյունից ամեն կերպ փորձում եմ իրենց աջակցել, որպեսզի իրենց բիզնեսը սկսեն։ Եթե կնոջ մեջ այդ միտքը հասունացել է՝ որևէ բան ստեղծելու, ուրեմն վստահաբար ինքն այդ ռեսուրսը կունենա ու կստեղծի։ Պարզապես մի քիչ գրագետ քայլերով պետք է գործեն, իրենց սիրելի գործով զբաղվեն ու զարգացնեն Հայաստանի տնտեսությունը»,- ասում է մեր զրուցակիցը։
Հարցին, թե ի՞նչ խնդիրների են Հայաստանում բախվում կին գործարարները, Տաթև Բեյբությանը պատասխանում է, որ կին գործարարների համար առանձին խնդիրներ չկան, դրանք ընդհանուր են բոլոր գործարարների համար․ «Ես կարծում եմ՝ պետք է ռիսկի դիմեն, զբաղվեն իրենց սիրած գործով և ճիշտ քայլերով գնան առաջ։ Իսկ խոչընդոտներին պետք է վերաբերվեն որպես իրենց առաջ գնալու համար հենասյուներ և դրանց վրա հիմնվելով՝ առաջ գնան»։
Ռոզա Հովհաննիսյան