Մյուս շաբաթվանից կմեկնարկի նոյեմբերին և դեկտեմբերին 50 000 դրամ աջակցության դիմումների ընդունումը

Մյուս շաբաթվանից կմեկնարկի նոյեմբերին և դեկտեմբերին 50 000 դրամ աջակցության դիմումների ընդունումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից տեղեկատվություն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Զարուհի Մանուչարյանը նախ անդրադարձել է Կառավարության նախորդ օրվա նիստում հաստատված որոշմանը, ըստ որի երկու ամիս՝ նոյեմբերին և դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կստանան 50 000 դրամ սոցիալական աջակցություն առաջնային սպառողական կարիքները հոգալու համար:

Աննա Ժամակոչյանը մանրամասնելով՝ նշել է. «Միջոցառման շահառու չեն հանդիսանա հետևյալ բացառությունների դեպքում, եթե տվյալ ընտանիքի անդամները բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ ս. թ. սեպտեմբերի 19-ից առաջ ունեցել են Հայաստանի Հանրապետության հաշվառում կամ հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց բանկային հաշիվներում ունեն 2 մլն շեմը գերազանցող դրամական միջոցներ: Այս 2 մլն դրամական շեմի սահմանափակումը տարածվում է միայն տվյալ անձի վրա: Չի տարածվում ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների վրա: 2 մլն դրամական շեմի սահմանափակումը չի տարածվում նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից հատուցում ստացող անձանց վրա»: Աննա Ժամակոչյանը հավելել է, որ արդեն մյուս շաբաթվանից կմեկնարկի դիմումների ընդունումը այս ծրագրի համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդգծել է, որ գումարը վճարվելու է անկանխիկ եղանակով, իսկ այն դեպքերում, երբ անձը չի ունենա բանկային հաշիվ և բանկ այցելելու խնդիր կունենա, այդ դեպքում կլինեն որոշակի ծառայություններ բանկային քարտերը տեղակայման վայրեր հասցնելու համար: Այս ծառայությունը կտրվի հետևյալ սոցիալական խմբերին՝ 75 տարին լրացած անձանց, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

Հաջորդիվ Զարուհի Մանուչարյանը պարզաբանումներ է տվել մի շարք հարցերի, որոնք հաճախ տրվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Առաջին հարցը վերաբերում է նրան, թե արդյոք 100 000 դրամ միանվագ աջակցությունը և 40+10 հազար դրամ աջակցությունը չստացած անձինք կարող են դիմել նոյեմբերի և դեկտեմբերի համար նախատեսված աջակցության համար: Ի պատասխան այս հարցին, Զարուհի Մանուչարյանը նշել է, որ այո, կարող են դիմել, եթե նրանք հանդիսանում են այդ ծրագրերի շահառու, սակայն դեռ չեն ստացել այդ ծրագրերով նախատեսված գումարները:

Այն հարցին, թե արդյոք 2020 թվականի պատերազմից հետո Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին էլ են վերաբերում աջակցության այս ծրագրերը, Զարուհի Մանուչարյանը պատասխանել է, որ նրանց համար 2 տասնյակից ավելի ծրագրեր են իրականացվել, իսկ այս ծրագրերը վերաբերում են սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված անձանց: Պարզաբանում է տրվել նաև այն հարցին, որ եթե ընտանիքի անդամները ապրում են տարբեր բնակության հասցեում, այդ դեպքում քանի դիմում պետք է լրացնել: Ըստ պարզաբանման, դիմումը պետք է ներկայացնել՝ առաջնորդվելով բնակության հասցեով: Պարզաբանումներ են ներկայացվել նաև այլ հարցերի շուրջ:

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է մանրամասներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ: Ըստ այդմ՝ քաղաքացիության ձեռքբերման դիմումների ընդունումն արդեն իսկ մեկնարկել է: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել Քաղաքացիության և միգրացիայի ծառայության գրասենյակ կամ մարզերում անձնագրային բոլոր ծառայություններ և ներկայացնել դիմումները:

Արմեն Ղազարյանի ներկայացմամբ, հոկտեմբերի 26-ի կառավարության որոշմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և նրանք ճանաչվել են փախստական: Փախստականի վկայական ստանալու համար ևս պետք է այցելել անձնագրային ծառայություններ, դիմում լրացնել, փոխել հաշվառման հասցեն և ստանալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի, փախստականի վկայականը: «Բազմաթիվ են հարցերն ու մտահոգություններն առ այն, թե եթե առկա չէ սեփականատիրոջ համաձայնությունը, ապա ինչպես անձը կարող է հաշվառվել տվյալ հասցեում: Անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում, կիրականացվի համապատասխան ստուգում ոստիկանության կողմից: Ոստիկանությունը կտրամադրի անձնագրային ծառայությանը համապատասխան տեղեկանք, որի հիման վրա անձը փաստացի հիմքով կհաշվառվի տվյալ բնակության հասցեում»,- պարզաբանել է Արմեն Ղազարյանը: Նա նաև հավելել է, որ հաշվառումը գույքային պարտավորություն չի առաջացնում: