Հանձնաժողովը քննարկել եւ մերժել է դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից ներկայացված կոլեկտիվ հանրագիրը

Հանձնաժողովը քննարկել եւ մերժել է դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից ներկայացված կոլեկտիվ հանրագիրը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում քննարկել է դեղատնային գործունեություն իրականացնող յոթ ընկերությունների կողմից ներկայացված հանրագիրը, որով առաջարկվում է փոփոխել ՀՀ հարկային օրենգրքի 416-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները:

«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակյանը Հարկային օրենսգրքի նշված հոդվածով սահմանված իրավակարգավորումների վերաբերյալ ներկայացրել է երեք առաջարկություն: Առաջինը` ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 200 հազար դրամի եւ տվյալ հարկ վճարողի տվյալ հասցեում բոլոր ՀԴՄ-ներով նախորդ եռամսյակում արձանագրված շրջանառության մինչեւ 0-5 տոկոսի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը:

Երկրորդը` պատասխանատվության ենթարկել նաեւ անհատապես այն ֆիզիկական անձին, որը չի գրանցել վաճառվող ապրանքը ՀԴՄ-ով:

Երրորդը` այդ հոդվածով սահմանված 10 մլն դրամ տուգանքի չափն էականորեն նվազեցնել:

Քննարկմանը ներկա պատգամավորները, նախարարները, ՊԵԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք հարցադրումներ ու փաստել իրենց դիտարկումները բարձրաձայնված հարցերի վերաբերյալ: Հիմնականում շեշտադրվել է այն հանգամանքը, որ Հարկային օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները վերաբերում են բոլոր կազմակերպություններին, եւ օրենքի առաջ հավասար են բոլորը: Իսկ իրավակարգավորումները գործիք են եւ միտված են հարկային կարգապահության ապահովմանը:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացրել է, որ իրավակարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո ընդամենը 20 կազմակերպություն է տուգանվել 10 մլն դրամով: Ըստ նրա` դրանք հիմնականում բենզալցակայաններ են: Իսկ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ն պատկանում է հարկային բարձր կարգապահությամբ օժտված ընկերությունների թվին: Նա շեշտել է, որ օրենքը չի վերաբերում միայն դեղատնային ընկերություններին, այլ բոլորին: ՊԵԿ փոխնախագահն անընդունելի է համարել հանրագրով ներկայացված Հարկային օրենսգրքի դրույթների փոփոխությունը:

Արտյոմ Սմբատյանը փաստել է, որ Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները դրական են ազդել հարկային կարգապահության վրա:

«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ տնօրենը, շնորհակալություն հայտնելով քննարկման համար, նշել է, որ բոլոր իրավական ճանապարհներով շարունակելու են պաշտպանել իրենց շահերը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ տուգանքի չափը պետք է լինի ոչ թե վճար, այլ զսպող, կանխարգելիչ գործիք: Նա փաստել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նպատակահարմար չի համարում հանրագրով առաջարկվող Հարկային օրենսգրքի իրավակարգավորումների վերանայումը:

Բաբկեն Թունյանը նաեւ տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի գործընկերների հետ լրացուցիչ գործիքակազմեր են քննարկում` տեխնիկական միջոցների կիրառման մասին: Նշվել է, որ առաջիկայում կունենանք օրենսդրություն` տեսաձայնագրման համակարգերի ներդրման վերաբերյալ, որի նպատակը ոչ թե տնտեսվարողին ստուգելն է, այլ նույն ՊԵԿ-ի աշխատակցի գործելաոճի ստուգումը: «Հասկանանք, թե այդ աշխատողն իրեն ինչպես է պահել: Եթե դեմ չեք` նաեւ տնտեսվարողներին կհրավիրենք»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Հանձնաժողովականները քվեարկությամբ մերժել են կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները: