Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տոնում է 10-ամյա հոբելյանը

Տնտեսագիտական համալսարանի  «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տոնում է 10-ամյա հոբելյանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տոնում է իր 10-ամյա հոբելյանը։ Այս առիթով համալսարանում նոյեմբերի 10-ին կազմակերպվել է «ՀՀ տնտեսության ներառական զարգացման ուրվագծեր» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնյաներ,  բուհի ակադեմիական կազմի անդամներ, հյուրեր։

Ըստ Տնտեսագիտական համալսարանի հաղորդագրության, բացման խոսքով հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասել․ «Շնորհակալություն, որ «Ամբերդի» 10-ամյակին նվիրված գիտական միջոցառման շրջանակում այս ուրախ օրը մեզ հետ եք։ Այսօր իսկապես մեզ համար առանձնակի հիշարժան օր է, քանի որ Տնտեսագիտական համալսարանը տոնում է իր «զավակի» 10-ամյա հոբելյանը։ Մեկ տասնամյակ առաջ մի քանի իդեալիստ էնտուզիաստներ, այս գաղափարով տոգորված, որոշեցին, որ ՀՊՏՀ-ն պետք է ունենա իր հետազոտական ուղեղային կենտրոնը, և անցած տասնամյակում «Ամբերդը» իր ուրույն տեղը նվաճեց տնտեսագիտական մտքի գիտահետազոտական միջավայրում»։

Ռեկտորն ընդգծել է, որ «Ամբերդը» կարողացել է վերաճել  ուղեղային այնպիսի կենտրոնի, որն առաջատարներից մեկն է ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում և արդեն մի քանի տարի հաստատուն կերպով իր դիրքերն է ամրապնդում ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշերում։ «Այս նշանակալի ձեռքբերումների հիմքում մի ողջ թիմի հետևողական աշխատանք է, գիտության և կրթության նվիրյալների ջանքեր»,- նշել է Դիանա Գալոյանը և շնորհակալական ուղերձներ հանձնել կենտրոնի նախկին և ներկա տնօրեններին։

Ըստ աղբյուրի՝ հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի աշխատանքը բարձր գնահատելու համար և ներկայացրել հոբելյանական միջոցառման օրակարգը՝ խոսքը փոխանցելով փորձագետներին։ Կենտրոնի փորձագետներ, տ․գ․թ․ Նարեկ Կարապետյանը, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Քթոյանը և տ․գ․թ․ Անի Խաչատրյանը հանդես են եկել զեկուցումներով, համապատասխանաբար,  «Տնտեսական աճի ներառականություն․ ի՞նչ անել», «Տարածքային անհամաչափ զարգացման խորացող խնդիրները․ վտանգավոր անհամամասնություն» և  «Աղքատություն, զբաղվածություն, կրթություն, եկամուտների բևեռացվածություն» թեմաներով։

Ելույթներից հետո ծավալվել է հարց ու պատասխան, մտքերի փոխանակություն։

Նշվում է, որ կլոր սեղան-քննարկումն իր ելույթով եզրափակել է ռեկտոր Դիանա Գալոյանը՝ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման և արժեքավոր դիտարկումների համար։