Հունգարիան դիմել է Եվրահանձնոժողովին՝ Բուլղարիայի կողմից գազի տարանցման վճարների բարձրացման պատճառով

Հունգարիան դիմել է Եվրահանձնոժողովին՝ Բուլղարիայի կողմից գազի տարանցման վճարների բարձրացման պատճառով

 Հունգարիան պատրաստ է մինչև տարեվերջ դիմել ԵՄ դատարան՝ Բուլղարիայի կողմից ռուսական գազի տարանցման համար վճարների բարձրացման պատճառով, եթե Եվրահանձնաժողովը գործընթաց չսկսի Սոֆիայի դեմ համայնքային կանոնները խախտելու համար և համոզի նրան ժամանակավորապես չեղարկել այդ որոշումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան։ 

«Ես նամակ եմ ուղարկել Եվրահանձնաժողով՝ խնդրելով անհապաղ սկսել Բուլղարիայի նկատմամբ պարտավորությունների խախտման գործընթացը և մինչև գործընթացի ավարտը կոչ անել Բուլղարիային սառեցնել էներգիայի տուրքերի բարձրացումը»,- ասել է Բոկան իր տեսաուղերձում։ 

Նա ընդգծել է, որ Բուլղարիան այդ քայլով խախտում է ներքին շուկայի կանոնները, խարխլում է մաքսային միությունը և ԵՄ ընդհանուր առևտրային քաղաքականությունը։

Բուլղարիան հոկտեմբերի 13-ին ռուսական գազի տարանցման համար 20 լեվ (10 եվրո) ակցիզ է սահմանել։ Նոր տարանցման վճարը կազմում է գազի բազային գնի մոտավորապես հինգերորդ մասը (50 եվրո մեկ մեգավատ ժամի համար): Սովորաբար տարանցման վճարները չեն գերազանցում գազի իրական արժեքի մի քանի տոկոսը: Financial Times-ը Բուլղարիայի մաքսատուրքերը որակել է որպես «պատժիչ», որոնք սովորաբար սահմանվում են հակառակորդի գործունեությունը զսպելու համար։ Բուլղարիայի ֆինանսների նախարար Ասեն Վասիլևը հաստատել է հրապարակումը և նշել, որ կառավարության նպատակը «Գազպրոմի» շահույթի կրճատումն է։ Հունգարիան և Սերբիան համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Բուլղարիայի գործողությունները սպառնում են իրենց էներգիայի մատակարարմանը: