Էկոնոմիկայի նախարարն առաջարկել է անգլերենին տալ պաշտոնական, բայց ոչ պետական լեզվի կարգավիճակ՝ գործարար միջավայրը բարելավելու համար

Էկոնոմիկայի նախարարն առաջարկել է անգլերենին տալ պաշտոնական, բայց ոչ պետական լեզվի կարգավիճակ՝ գործարար միջավայրը բարելավելու համար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը մինչև տարեվերջ հասցնել 8200 ԱՄՆ դոլարի: «ՍիվիլՆեթ»-ի եթերում ելույթ ունենալով անգլերեն՝ գերատեսչության ղեկավարը նշել է, որ, չնայած աղքատության մակարդակի մինչև 39,6 տոկոս նվազման ակնկալիքին, այդ ցուցանիշը նվազել է մինչև 24,8 տոկոս:

Ինչպես նշել է նախարարը, հետագայում կառավարությունը մտադիր է 2024 թվականին հասնել, առնվազն, 7 տոկոս աճի ՝ չնայած արեւմտյան գործընկերների 5 տոկոս կանխատեսումներին։ Նա ընդգծել է, որ թեեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը եւ դրան հաջորդած ռելոկանտների ներհոսքը կարեւոր դեր են խաղացել Հայաստանի տնտեսական աճում, այդ մարդկանց ներգրավման հիմնական շարժիչ ուժը Հայաստանում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներն են: Գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիայի նվազեցումը և 2018 թվականից ի վեր իրականացված տարբեր բարեփոխումները հնարավորություն են տվել այլ երկրների քաղաքացիներին Հայաստանն ընտրել որպես իրենց նոր տուն:

Անդրադառնալով ՀՀ կառավարության տնտեսական ծրագրերին՝ Վահան Քերոբյանը նշում է, որ մակրոմակարդակով աշխատանքներ են տարվում հարևան երկրների հետ կապերի բարելավման և կոմունիկացիաների բացման ուղղությամբ: Միկրոմակարդակում տարբեր երկրների հետ կապն արդեն բարելավվել է ՝ ավիաչվերթների  ավելացման և հաջորդ տարի դեպի այլ ուղղություններ  ուղիղ չվերթների ավելացման ծրագրերի հաշվին, այդ թվում ՝ դեպի Չինաստան: Նրա խոսքով, նախատեսվում է Երևանը միացնել այնպիսի տեխնոլոգիական կենտրոնների հետ, ինչպիսիք են Բեռլինը, Ամստերդամը, Լոնդոնը, ինչպես նաև Չինաստանի արևմտյան քաղաքները: Նախատեսվում է նաև ավելացնել ներդրումները ճանապարհային ենթակառուցվածքներում, մասնավորապես, Շիրակի մարզում Գյումրու չոր նավահանգստի նախագծի հաշվին:

Խոսելով Իրանի հետ ենթակառուցվածքների ընդլայնման նախագծերի մասին ՝ Քերոբյանը նշել է, որ նախագծերից մեկը Հնդկաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Եվրոպան կապող առևտրային երթուղու ստեղծումն է: Նախարարն ընդգծում է, որ Հայաստանն այժմ ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր գործընկերությունը, և այդ համատեքստում երկիրը զգալի բարելավման է հասել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրում, որի հետ առևտրաշրջանառության կանխատեսվող ցուցանիշը մինչև տարեվերջ կկազմի շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար: Քերոբյանն այդ համատեքստում ընդգծել է, որ ԱՄԷ-ն դարձել է առաջատար ներդրող Հայաստանում՝ փոխարինելով Ռուսաստանի Դաշնությանը: Երկու երկրների միջև իրականացվում են ընթացիկ ծրագրեր և ամուր գործարար կապեր։ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր շուկաները և բիզնեսն ավելի ճկուն դարձնել։

Անդրադառնալով օտարերկրացիների ներհոսքին և տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի ձգտմանը՝ նախարարը նշել է, որ կարևոր է նաև անգլերենն ընդունել որպես պաշտոնական լեզու (պաշտոնական, այլ ոչ թե պետական), ինչն էապես կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Նպատակն այն է, որ Երևանը դառնա տարածաշրջանային և, ի վերջո, գլոբալ տեխնոլոգիական կենտրոն: Քերոբյանը նշեց, որ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանում անգլերենը շատ տարածված է:

Նախարարը նաև ընդգծել է դեպի Եվրոպա հայկական արտահանման ենթակառուցվածքի և որակի ստանդարտների բարելավման անհրաժեշտությունը, մանրամասն մատնանշելով արտադրանքի պահանջների համապատասխանեցումը եվրոպական և միջազգային չափանիշներին, ինչը կարևոր քայլ է դեպի ԵՄ արտահանման օպտիմալացման համար:

Նախարարը նշել է նաև, որ ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, որը 25 տոկոսով գերազանցում է նախահամավարակային ցուցանիշը: 

Աղբյուրը՝   Արմինֆո