ՀՀ քաղաքացիներին դեռևս կշարունակեն տրամադրել հին նմուշի անձնագրեր

ՀՀ քաղաքացիներին դեռևս կշարունակեն տրամադրել հին նմուշի անձնագրեր

ՀՀ քաղաքացիներին դեռևս կշարունակեն տրամադրել հին նմուշի անձնագրեր։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը։

Արմեն Ղազարյանը նշեց, որ 2017 թ. հունվարի 1–ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ տրամադրող լեհական ընկերության հետ կնքված պայմանագիրը։

«Դրանից հետո աշխատանքներ են տարվել համակարգի արդիականացման, նույնականացման քարտերի թողարկման, հանրային հավաստագրերի տրամադրման ավտոմատացման նոր համակարգերի ներդրման ուղղությամբ»,– ընդգծեց նա։

Ղազարյանի խոսքով` ՀՀ կառավարությունը որոշել է ավելի լայն բարեփոխումների գնալ և այս հարցը ներառել թվայնացման քաղաքականության օրակարգում` քաղաքացիներին ավելի մեծ ծավալով թվային ծառայություններ մատուցելու համար։

Նա տեղեկացրեց, որ 2022 թ. դեկտեմբերի 27–ին տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստն է տեղի ունեցել, որտեղ հաստատվել է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման անվտանգության պայմանները և մրցույթի շրջանակը։

Բացի այդ, նիստի ընթացքում խորհուրդը հաստատել է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի մշակման և ներդրման նախընտրելի ձևաչափը, այն է` այն արտապատվիրակել հանրային մասնավոր ընկերությանը։

Այդ իսկ պատճառով ԱԺ ներկայացված նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ ՆԳՆ–ին` տրամադրել դեռևս հին նմուշի անձնագրեր` մինչև համակարգի ամբողջական արդիականացումն ու ներդրումը։

Աղբյուրը՝   armeniasputnik.am