Գավառ քաղաքում հիմնվելու է հողի եւ ջրի հետազոտությունների քիմիական լաբորատորիա

Գավառ քաղաքում հիմնվելու է հողի եւ ջրի հետազոտությունների քիմիական լաբորատորիա

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կհիմնվի հողի եւ ջրի հետազոտությունների քիմիական լաբորատորիա, որը հնարավորություն կտա ֆերմերներին՝ ստուգելու հողի որակը եւ կիրառելու համապատասխան ճիշտ պարարտանյութեր ու հողաբարելավիչ նյութեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այսօր հողի եւ ջրի որակի հետազոտությունների քիմիական լաբորատորիայի հիմնադրման մասին հուշագիր են ստորագրել Գավառ համայնքի ղեկավար  Գուրգեն Մարիտիրոսյանը  եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության  կողմից իրականացվող «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը։

Հողի եւ ջրի հետազոտությունների քիմիական լաբորատորիան հիմնադրվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության  պատվիրակմամբ՝ «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի ֆինանսական միջոցներով եւ Գավառի համայնքապետարանի աջակցությամբ:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի  եւ Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի, «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի ներկայացուցիչներ։ 

Լաբորատորիան կգործի Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ: