Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության, պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում ընդգծել է Հյուսիս-հարավի կառուցման կարևորությունը։ Փոխնախարարը հույս է հայտնել‚ որ IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ն իր մասնագիտական կարողություններն արդյունավետորեն կներդնի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ընթացքում։ Նա նշել է‚ որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը մշտապես հասանելի ու պատրաստ կլինի աջակցելու ընկերությանն՝ իրականացվելիք աշխատանքների ընթացքում։

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը կարևորել է ստորագրվող պայմանագիրը։ Նա հույս է հայտնել‚ որ խորվաթական կազմակերպության հետ համագործակցությունը դրական արդյունք կտա ու կլինի շարունակական։ Արդեն եկող շաբաթ տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը շինարարի հետ կսկսի նախապատրաստական աշխատանքները շինհրապարակում։

Գոռ Ավետիսյանը նույնպես պատրաստակամություն է հայտնեց աջակցելու խորհրդատուին՝ շինարարության ընթացքում իրականացվելիք տեխնիկական հսկողությունը լավագույնս ու արդյունավետությամբ իրականացնելու գործում։

Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ընդգծել է‚ որ ուրախ են Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում իրենց մասնագիտական ներդրումն ունենալու հնարավորության համար։ Նա նշել է‚ որ կազմակերպությունը‚ որ պետք է աշխատանքներ ծավալի Հայաստանում‚ հայտնի է իր մեծածավալ գործունեությամբ. այն‚ տեխհսկողությունից բացի‚ իրականացնում է շինարարության հետ կապված մի շարք այլ գործընթացներ նույնպես՝ նախագծում‚ լաբորատոր ուսումնասիրություններ և այլն։ Ռոբերտ Պետրոսյանը շեշտել է‚ որ գիտակցում են ծրագրի կարևորությունը‚ և վստահեցրել‚ որ անելու են առավելագույնը լավագույն արդյունքի համար։

Նոր կառուցվելիք Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհն ունենալու է 5 նոր փոխհատում, 6 նոր ուղեանց, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։