ԱՄՆ կառավարությունը 3 մլրդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը

«Բիզնես ատաշե»-ի հյուրն է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան տնտեսական և կոմերցիոն հարցերով պատասխանատու Բենջամին Բըրնսը:

-Պարոն Բըրնս շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք մեզ հարցազրույց տալ: Ի՞նչ խոշոր ձեռքբերումներ են եղել մեր երկու երկրների ամուր գործընկերության և երեք տասնամյակի արդյունավետ համագործակցության արդյունքում:

-Նախևառաջ, ցանկանում են շնորհակալություն հայտնել «Տնտեսական լրագրողների ակումբին» այս հարցազրույցի համար։ Գնահատում եմ ձեզ և ձեր ընթերցողների հետ շփվելու այս հնարավորությունը: Միացյալ Նահանգներն իր դեսպանատունը Երևանում բացեց 1992 թվականին՝ Հայաստանի անկախացումից անմիջապես հետո։ Սակայն, հայ-ամերիկյան գործընկերությունը շատ ավելի վաղ պատմություն ունի: 1988 թվականին ԱՄՆ-ն աջակցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման հարցում: Անցյալ տարի ապրիլին նախագահ Բայդենը հիշատակեց օսմանյան կայսրության ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներին: Սգալով այս ողբերգության կապակցությամբ՝ Բայդենը ընդգծեց, թե ինչպես են հայ ներգաղթյալներն անհամար ուղիներով հարստացրել Միացյալ Նահանգները։

Բայդենն իր ուղերձում անդրադարձավ նաև այն արժանահիշատակ ներդրումներին, որոնք ունեցել են ծագումով հայերը Միացյալ Նահանգներում: Վերջին 30 տարիների ընթացքում մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները եղել են Հայաստանի հետ մեր գործընկերության հիմնաքարը, և կարող ենք նշել բազմաթիվ ընդհանուր ձեռքբերումներ, որոնք նպաստել են մեր համագործակցությանը: Հայաստանի հետ համագործակցել ենք գրեթե բոլոր ոլորտներում` խթանելով Հայաստանի տնտեսական ճկունությունը և օգնելով ունենալ ավելի ժողովրդավարական հասարակություն:

Կրթության ոլորտում, օրինակ, Հայաստանի ամերիկյան համալսարանը ձևավորվեց ԱՄՆ աջակցությամբ, որն այժմ ոչ միայն ակադեմիական գերազանցության կենտրոն է, այլ նաև տարածաշրջանում արևմտյան արժեքների փարոս: Նաև աշխատել ենք մի քանի միջազգային տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ «IBM» և «Microsoft» ընկերությունների հետ՝ ՏՏ գերազանցության կենտրոնների ստեղծման նպատակով համագործակցելով տեղական համալսարանների հետ: Այս կենտրոնները և ծրագրերը ծառայում են որպես երիտասարդ ձեռներեցների ինկուբատորներ։ Կարևոր է, որ այս հաստատությունները շարունակում են գործել առանց ԱՄՆ կառավարության անմիջական աջակցության:

EDL_8420.JPG (11.96 MB)

Լուսանկարները՝  Էդգար Դանղյանի

-ԱՄՆ կառավարությունն իրականացրել է տարաբնույթ մարդասիրական, կրթական, տեխնիկական օժանդակության և խորհրդատվական ծրագրեր: Ինչքանո՞վ են արդյունավետ եղել դրանք:

-1992 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունը տրամադրել է մոտ 3 միլիարդ դոլարի աջակցություն հայ ժողովրդի կյանքի բարելավման համար՝ այսպիսով աջակցելով Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը: ԱՄՆ մի քանի գործակալություններ և գերատեսչություններ իրենց ներդրումն են ունեցել այս նախաձեռնություններում: Օրինակ, Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան ժամանեցին 1992 թվականի ձմռանը: Այդ ժամանակից ի վեր Խաղաղության կորպուսի ավելի քան 1100 կամավորներ ծառայել են Հայաստանի գյուղերում և քաղաքներում:

Ներկայումս աջակցում ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջխաղացմանը, օրենքի գերակայության խթանմանը, տնտեսական բարգավաճմանը և մարդասիրական օգնության տրամադրմանը:

Պետդեպարտամենտը ավելի քան 50 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանին՝ ուղղված իրավապահ համակարգի բարեփոխումների աջակցմանը և հակակոռուպցիոն նոր ինստիտուտների ստեղծմանը: Հպարտ ենք, օրինակ, պարեկային ոստիկանության նոր ծառայությանը ցուցաբերած մեր աջակցությամբ և Հայաստանի կառավարության խնդրանքով շարունակում ենք օգնել պարեկային ոստիկանության նոր աշխատակիցների վերապատրաստմանն ու վերազինմանը։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը օգնություն է ցուցաբերել մի քանի ոլորտներում, այդ թվում՝ ուղղակի օգնություն է ցուցաբերել Հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանման համար: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նաև ապահովել է պաշտպանական և անվտանգության կարողությունների զարգացում: ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային դեպարտամենտը նույնպես ներդրել է մոտ 27 միլիոն դոլար՝ չօգտագործված ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ և ապահով վերացմանն աջակցելու համար: ԱՄՆ Պետդեպարտամենտի արտահանման վերահսկման եւ սահմանային անվտանգության ծրագիրը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ՀՀ մաքսային ծառայությանը սարքավորումների նվիրատվության եւ վերապատրաստումների տեսքով:

Ձեր հարցին պատասխանելով՝ հավատում ենք, որ այդ համագործակցությունը  բավականին արդյունավետ է եղել: Ամենակարեւորը՝ մեր օգնությունը տրամադրվում է ՀՀ կառավարության խնդրանքով: Մեր աջակցությունը հիմնականում կառավարության կողմից նախանշված ուղղություններով է իրականացվում, այսինքն, այն ուղղություններով, որտեղ անհրաժեշտություն և կարիք է նկատվում: Եվ այս տարիների ընթացքում, կարծում եմ, մենք արդյունավետ կերպով կարողացել ենք համագործակցել բազմաբնույթ հարցերի շուրջ:

EDL_8425.JPG (9.09 MB)

-Բավարար ե՞ք համարում հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը և ի՞նչ է պահանջվում այդ հարաբերությունների խորացման համար։ Որո՞նք են մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առավել իրատեսական և փոխշահավետ ոլորտները։

-Ամերիկյան ընկերությունները Հայաստան են բերում ոչ միայն իրենց ֆինանսական ներդրումներն, այլև ամերիկյան բիզնես արժեքները՝ ներառյալ թափանցիկ և բաց բիզնես պրակտիկա: Կարծում եմ՝ Հայաստանում գործող ամերիկյան ընկերությունների որակն է փոփոխության բերում, այլ ոչ թե քանակը: Կարծում եմ, որ մեր երկու երկրները կարող են շարունակել խորացնել տնտեսական հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Մասնավորապես, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգիան և բարձր տեխնոլոգիաները այն ոլորտներն են, որտեղ, մեր կարծիքով, համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կան: Մեր երկու երկրները նաև զարգացրել են առևտրային համագործակցությունը՝ 2015 թվականին ստորագրելով Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը: Համաձայնագրով ստեղծվել է Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ՝ երկկողմ առևտրի, ներդրումների և հարակից հարցերի քննարկման նպատակով:

2000 թվականից Հայաստանում գործում է հայ-ամերիկյան առևտրի պալատը, որը մեծ առաջընթաց է գրանցել ԱՄՆ-Հայաստան գործարար հարաբերությունների ընդլայնման և երկրում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Որպես Հայաստանում Միացյալ Նահանգների տնտեսական և առևտրային ներկայացուցիչ, ես բնականաբար կցանկանայի, որ մեր տնտեսական համագործակցությունն ավելին լինի, ինչպես ամերիկյան ներդրումների, այպես էլ՝այնպես երկկողմ առևտրի աճի առումով։ Հուսով եմ, որ 2022 թվականին COVID-19-ը վերջնականապես կնահանջի, ինչը, պետք է որ, ավելի շատ տնտեսական հնարավորություններ ընձեռի։

-Այս տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանատունն աջակցել է Հայաստանին ամերիկյան ներդրումներ ներգրավելու հարցում, նպաստել է աշխատատեղերի ստեղծմանը և մարդկանց կենսամակարդակի բարելավմանը։ Կուզեինք լսել Ձեր կարծիքն այս մասին, և թե ի՞նչ ծրագրեր կան առաջիկա տարիների համար։

-Մեր զարգացման գործակալությունները երկար տարիներ աշխատել են անհատների և համայնքների համար տնտեսական հնարավորությունների ստեղծելու հարցում օգնելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ հայկական առաքելությունը տրամադրել է ավելի քան 1 միլիարդ դոլար՝ օրենքի գերակայությանը, հաշվետու կառավարմանը և բնական ռեսուրսների բարելավմանը աջակցելու նպատակով: Անցյալ աշնանը ԱՄՆ ՄԶԳ հայկական առաքելությունն ավարտեց վեցամյա ծրագիրը, որը փոխեց կառավարության պատկերացումները Արարատյան դաշտում ջրի մակարդակի և օգտագործման վերաբերյալ: Այս կարողությունների զարգացումը Հայաստանին տվել է գործիքներ, որպեսզի կարողանա ճիշտ կառավարել այս կարևոր բնական ռեսուրսը Հայաստանի կարևորագույն գյուղատնտեսական գոտիներից մեկում:

Առաջ նայելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկել է աշխատուժի զարգացման նոր նախագիծը, որն օգնում է հաղթահարել գործատուների կարիքների և աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների հմտությունների միջև առկա անհամապատասխանությունը:

2009 թվականից ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը ձգտել է ստեղծել ավելի լավ բիզնես միջավայր, խթանել առևտրի և ներդրումներ կատարելու նոր և բազմազան հնարավորություններ, ինչպես նաև բարելավել Հայաստանում առևտրային իրավական դաշտը: Այս տարի ծրագիրը կաջակցի հայաստանյան հաստատություններին մրցակցության և գնումների ոլորտում քաղաքականություն և լավագույն փորձ մշակելու հարցում. զարգացնել փոքր և միջին ձեռնարկությունները՝ ֆրանչայզինգի միջոցով, ինչպես նաև խթանել կորպորատիվ կառավարումը:

EDL_8434.JPG (7.23 MB)

-Զբոսաշրջության զարգացումը Հայաստանում գերակա ուղղություններից է: Ձեր կարծիքով ի՞նչ հնարավորություններ և խնդիրներ կան այս ոլորտում։

-Հայաստանը մշակութային առումով հարուստ, պատմական և գեղեցիկ երկիր է: Երկիրը զգալի առաջընթաց է գրանցել զբոսաշրջության ոլորտում, սակայն դեռ շատ անելիքներ կան։ ԱՄՆ կառավարության Սմիթսոնյան հաստատության «Իմ Հայաստան» նախագիծն օգնել է զարգացնել Հայաստանի զբոսաշրջության հատվածը՝ միաժամանակ տնտեսական հնարավորություններ ընձեռելով գյուղական համայնքներին: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև աջակցում է Հայաստանի գինեգործության և գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը. դրանք այն ոլորտներն են, որտեղ հետագա զարգացման մեծ հնարավորություններ ենք տեսնում:

-Որտե՞ղ եք նախընտրում հանգստանալ Հայաստանում: Ինչպե՞ս կգնահատեք սպասարկման որակը:

-2018 թվականից ես և իմ ընտանիքը ապրում ենք Հայաստանում: Մենք շատ ենք ճամփորդել և շատ գեղեցիկ վայրեր ենք գտել Հայաստանում, որտեղ պետք է այցելել: Հատկապես մեծ հաճույքով այցելեցինք Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։ Սիրում ենք արշավներ, և այդ շրջաններում գտել ենք շատ գեղեցիկ բնապատկերներ և քայլելու արահետներ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում սպասարկումը հիանալի է։ Երևանն ունի բազմաթիվ հիանալի ռեստորաններ և հյուրանոցներ: Թեև մայրաքաղաքից դուրս ավելի քիչ հարմարություններ կան, բայց մարդկանց հյուրընկալությունը և ջերմությունը լրացնում է դա մարդիկ աներևակայելի ընկերասեր են և հյուրընկալ: Եվ իհարկե, Հայաստանում սնունդն ամենուրեք համեղ է։

- Ինչպե՞ս կբնութագրեք ամերիկահայ համայնքը: Ի՞նչ դեր ունի այն Ամերիկայի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում:

EDL_8444.JPG (4.53 MB)

-Որքան ես նկատել եմ, ԱՄՆ-ի հայ համայնքը բավականին բազմազան է: Հայ համայնքը կարևոր դեր է խաղացել Ամերիկայի մշակույթի և տնտեսության մեջ՝ առողջապահական «Moderna» ընկերության հիմնադրումից մինչև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Ես ապրել եմ Մասաչուսեթսում, որտեղ ծանոթ եմ եղել մի շարք հայերի, հետո տեղափոխվել եմ Հարավային Կալիֆորնիա, որտեղ հայ համայնքի ձեռագիրը շատ տեսանելի է: Ավագ դպրոցից հետո ես տեղափոխվեցի Հարավային Կալիֆորնիա, որտեղ հայ համայնքը կրկին շատ հայտնի է: Կալիֆորնիայում հայերը մեծ տնտեսական ազդեցություն են ունեցել հատկապես Գլենդելի և Կալիֆորնիայի մի շարք այլ համայնքների զարգացման գործում: Ամերիկահայերը կազմակերպվել և համախմբվել են տարբեր ձևերով՝ իրենց ձայնը լսելի դարձնելու ԱՄՆ-ի ժողովրդավարական համակարգում:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը ազդեցիկ միավոր է, որը ներառում է բազմաթիվ ընտրված պաշտոնյաներ, որոնք պարտադիր չէ, որ ծագումով հայ լինեն, բայց ներկայացնում են ծագումով հայ ընտրողներին, և հավատում են ամերիկահայերի համար կարևորություն ունեցող հարցերին: Հայերը վաղուց իրենց զգալի ներդրումն են ունեցել Միացյալ Նահանգների մշակութային ոլորտներում: Ուշագրավ է դիտարկել, թե որքան բազմազան է այդ ազդեցությունը՝ լինի դա գրականության, երաժշտության, տեխնիկայի, թե սպորտի բնագավառում։

-Շնորհակալություն զրույցի համար։