Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել «Արաս» ԱԳ կազմակերպության և Իրանի Զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի հետ

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել «Արաս» ԱԳ կազմակերպության և Իրանի Զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի հետ

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան իր մի խումբ անդամների հետ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը կատարեց իր հերթական ճանաչողական այցը՝ այս անգամ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական՝ «Արաս» ազատ գոտու կազմակերպության հրավերով։

Ըստ  Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի հաղորդագրության, միջոցառումը ներառում էր այցելություններ «Արաս» ազատ գոտում և UNESCO-ի Գեոպարկերի համաշխարհային ցանցում ներառված «Արաս» գեոպարկ, ներառյալ դրանում գտնվող, Իրանի կառավարության և ժողովրդի կողմից խնամքով և պատշաճ պահպանվող ու պատշաճ ներկայացվող հայկական պատմամշակութային ժառանգություն հանդիսացող Սուրբ Ստեփանոս Վանական համալիր, Հովվի եկեղեցի, ազգությամբ հայ, Իրանում Մետաքսի ճանապարհի խոշորագույն վաճառական Խաջե Նազարի կառուցած համանուն քարավանատուն, ինչպես նաև այցելություններ Ասիաբ (Ջրաղացի) ջրվեժ, քաղաք Թավրիզ և ՄԱԿ ԶՀԿ լավագույն գյուղ ճանաչված Կանդովան գյուղ։

Այցելության ընթացքում Ֆեդերացիայի պատվիրակությունը մասնակցեց Խաջե Նազար քարավանատանը կազմակերպված Նռան փառատոնին։ Կացությունը կազմակերպված էր Ջուլֆա (հին Ջուղա) քաղաքում։

Ճանաչողական այցի նպատակն էր նպաստել երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների առավել ակտիվացմանը, հայ-իրանական տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունքով համաշխարհայաին շուկայում առավել մրցունակ դիրքերից ներկայացմանն ու խթանմանը և այդպիսով նաև հայ-իրանական տնտեսական ու մշակութային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։

Տարածաշրջանային համագործակցության մեջ, ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Մեղրի համայնքների մասնակցության ակտիվացման նպատակով, համդիպումներ եղան Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի հետ, այցեր համայնքների զբոսաշրջային գրավչության վայրեր։

Այցի շրջանակներում Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան փոխըմբռնման հուշագրեր ստորագրեց «Արաս» ազատ գոտու կազմակերպության և Իրանի Զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի հետ, տեղի ունեցան Ֆեդերացիայի անդամ ընկերությունների և Իրանական գործընկերների հետ B2B հանդիպումներ։

Տեղի ունեցավ նաև հանդիպում «Արաս» ազատ առևտրի գոտու կազմակերպության ղեկավարի և նրա տեղակալի հետ, քննարկվեցին համագործակցության առավել ակտիվացման, տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման հարցեր։

Հանդիպմանը հայկական պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց Իրանի կառավարությանն ու ժողովրդին Իրանում հայկական պատմամշակութային ժառանգության պատշաճ և հոգատար պահպանության և որպես այդպիսին պատշաճ ներկայացման համար՝ շեշտելով, որ իր երկրում գտնվող այլոց ժառանգության նկատմամբ նման վերաբերմունքը հատուկ է Մեծ երկրներին և Մեծ ժողովուրդներին։