Դեղերի շրջանառության ոլորտում իրականացրած վերահսկողության արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ. Տեսչական մարմին

Դեղերի շրջանառության ոլորտում իրականացրած վերահսկողության արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ. Տեսչական մարմին

Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողության իրականացման ընթացքում 2023 թվականին արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, նշելով, որ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների՝ խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ, կայացվել են տույժ նշանակելու մասին որոշումներ, ընդհանուր՝ 463․290․000 դրամ տուգանք։

Վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված և արձանագրված խախտումների զգալի մասը վերաբերվել է չգրանցված դեղեր ներմուծելուն, դեղերն օրենքի խախտմամբ ներմուծելուն և չգրանցված կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղեր իրացնելուն։

Վերահսկողության արդյունքում արձանագրված դեպքերի և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տույժերի ընդհանուր վերլուծությունից պարզ է դարձել, որ հիմնական խախտումներն արձանագրվել են միմյանց հետ փոխկապակցված, դեղերի շրջանառության ոլորտում մեծածախ և մանրածախ իրացում իրականացնող մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ 463․290․000 դրամ ընդհանուր տուգանքի մեծ մասը՝ 345․600․000 դրամ տուգանվել են խախտում թույլ տված վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների պատասխանատու պաշտոնատար անձինք։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ շարունակելու են դեղերի շրջանառության ոլորտում իրականացնել վերահսկողական միջոցառումներ՝ լիազորությունների շրջանակում կիրառելով օրենքով վերապահված ողջ գործիքակազմը։