Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է. Արթուր Խաչատրյան

Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է. Արթուր Խաչատրյան

Բյուջեն զուտ հաշվապահություն չէ, քաղաքականություն է: Որ ոլորտն ավելի մեծ նշանակություն ունի Կառավարության համար, այդ ոլորտն ավելի շատ գումար է ստանում: Մենք տեսնում ենք, որ 16 տոկոս բյուջեի աճի պայմաններում Պաշտպանության նախարարության համար նախատեսված պաշտոնական ծախսերը կավելանան ընդամենը 7 տոկոսով, ռազմարդյունաբերության ոլորտում մեկ միլիարդով նվազում են հատկացումները, եւ փոխարենը ոստիկանության համար նախատեսված բյուջեի աճը կկազմի 18 տոկոս. ավելի շատ, քան ընդհանրապես պետական բյուջեի աճը, եւ գրեթե երեք անգամ ավելի շատ, քան Պաշտպանության նախարարության համար նախատեսված հատկացումները:

Նոյեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած պետական բյուջեի քննարկումներին` ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ տնտեսական բոլոր հաշվարկները խիստ մանիպուլյատիվ բնույթ ունեն, եւ ցանկացած տեղեկություն ներկայացվում է այնպիսի անկյան տակ, որը Կառավարության գործունեությունը կդարձնի դրական եւ երկրի զարգացմանը միտված:

Անդրադառնալով Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին նախատեսված արտգործնախարարների մակարդակով հանդիպմանն Ադրբեջանի չմասնակցելու հարցին` Արթուր Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ոչ միայն ԱՄՆ միջնորդության բանակցություններից, այլեւ ԵՄ միջնորդությունից: Ըստ Արթուր Խաչատրյանի` նրանք արեւմտյան հարթակներում Հայաստանից «պոկեցին» այն, ինչ իրենց պետքն էր. այդ հարթակներից այլեւս ստանալու ոչինչ չունեն:

Հարցի առնչությամբ «Հայաստան» խմբակցություն  քարտուղար Արծվիկ Մինասյանը եւս ներկայացրել է իր դիրքորոշումը` ընդգծելով, որ միջազգային` հատկապես արեւմտյան հարթակը, բացարձակ չի արձագանքում Հայաստանում տիրող ակնհայտ հակաժողովրդավարական վիճակին: Նրա խոսքով հարցն ամբողջականության համակարգի  մեջ պետք է դիտարկել: «Ադրբեջանն այսօր իր բոլոր գործողություններով` ամենաբռնապետական, հակաժողովրդավարական երկրներից մեկն է, սակայն նույն եվրոպական ատյաններից այդ մասին որեւէ արձագանք չենք լսի, որովհետեւ  Ադրբեջանի տնտեսական շահը գերադասելի է ցանկացած իրավիճակից»,- ասել է խմբակցության քարտուղարը:

Լրագրողը մատնանշելով 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեով եկամտային մասի կրկնապատկման փաստը, ծախսային մասով էական ավելացումները, առողջապահության համար նախատեսված ծախսերի կրկնապատկումը` հետաքրքրվել է` արդյո՞ք ընդդիմությունն էլ մանիպուլյատիվ չի ներկայացում փաստերը: Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ ամենաարագ ՀՆԱ-ի աճի տեմպերը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, հաստատ, այդ վերջին հինգ տարիներին չեն եղել: