Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. Կորեայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. Կորեայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել:

Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով դրանց խորացման անհրաժեշտությունը՝ դրա վառ ապացույցը համարելով Հայաստանում եւ Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունը: Դոհուն Լին նշել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը, երբ իր երկրի դրոշը կծածանվի հյուրընկալ եւ խաղաղասեր Երեւանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափին, խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ տեղի ունեցած արդյունավետ շփումներին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային խնդիրները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրին առնչվող մի շարք հարցեր: «Հայաստանն իր միջազգային գործընկերներից, ինչպես նաեւ բարեկամ Կորեայից ակնկալում է ջանքերի գործադրում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցում, քանի որ այն շարունակ բախվում է ադրբեջանական ոտնձգություններին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ բազմոլորտ գործակցության լայն հնարավորությունները, որոնք նոր փոխշահավետ ծրագրերի համար պարարտ հող են հանդիսանում: