Օրենսդրական նախաձեռնությունը միտված է Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի մրցունակության բարձրացմանը

Օրենսդրական նախաձեռնությունը միտված է Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի մրցունակության բարձրացմանը

Ըստ հիմնական զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` զբոսաշրջության ոլորտում քաղաքականություն մշակող մարմինը չունի ծառայություն մատուցող սուբյեկտների նկատմամբ վերահսկողական լծակներ: Հստակ մեխանիզմների բացակայության արդյունքում շատ հաճախ խախտվում են ինչպես սպառողների իրավունքները, այնպես էլ խաթարվում են գործարար հարաբերությունները մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ, ինչի հետեւանքով վերջիններս կրում են նյութական վնասներ: Այս ամենն իր բացասական հետեւանքներն է թողնում Հայաստանի` որպես գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի վրա:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների որակի ապահովման լավագույն տարբերակը ծառայություն մատուցող անձանց գործունեության կարգավորումն է:

Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Սահմանվում են հստակ չափորոշիչներ ու պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար: Հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում կիրառվող հասկացությունները եւ սահմանվել են նոր հասկացություններ: Ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների եւ վերլուծությունների իրականացման եւ պետական քաղաքականության մշակման ու իրականացման նպատակով նախատեսվել են դրույթներ` էլեկտրոնային գրանցամատյանի եւ զբոսաշրջային ռեսուրսների ներդրման եւ գրանցամատյանի վարման վերաբերյալ:

Նախատեսվել են նաեւ զբոսավարների եւ ուղեկցորդների վերապատրաստում ու որակավորում, պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, իսկ զբոսաշրջային ավտոբուսների համար` կամավոր որակավորման հնարավորություն: Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման եւ վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությանը եւ խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:

Ընդունումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանում տնտեսական զարգացման զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միջեւ արդար մրցակցության եւ իրավահավասարության, անվտանգ եւ ապահով:

«2023 թվականի տասն ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ: Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի շուրջ 2,4 միլիոն: Այն մոտավորապես 25 տոկոսից ավելի արձանագրվող արդյունք է համեմատած 2019 թվականի` մեր լավագույն զբոսաշրջության տարվա հետ»,- տեղեկացրել է Վահան Քերոբյանը:

«Աննախադեպ ծավալի է հասել Հայաստանում զբոսաշրջությունը եւ այս կարեւոր ոլորտն անթույլատրելի է թողնել առանց վերահսկողության»,- ասել է հարակից զեկուցող, պատգամավոր Դավիթ Առուշանյանը` հավելելով, որ նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել ոլորտի տարբեր ասոցիացիաների, ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով զբոսաշրջության որոշ բաղադրիչների` Դավիթ Առուշանյանը նշել է. «Զբոսաշրջությունը ներառում է նաեւ արտաքին քաղաքականության լուրջ բաղադրիչ, որովհետեւ յուրաքանչյուր օտարերկրացի, գալով Հայաստան, լավ սպասարկման, երկրի ճիշտ ներկայացման պարագայում կարող է դառնալ մեր դեսպանն իր երկրում»:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հետաքրքրվել է Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր, միջազգային հարթակներում ներկայացվելու համար ո՞ր կառույցն է պատասխանատու եւ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Բաբկեն Թունյանի դիտարկմամբ ճանաչելիությանը նպաստող կարող են լինել ոչ միայն գովազդային հոլովակները կոնկրետ զբոսաշրջային թեմաներով, այլ կարող է լինել տարբեր միջոցառումների ներկայացումը: Նրա խոսքով Հայաստանում դեկտեմբերի 1-2-ը նախատեսվել են Գիտության եւ գործարարության օրեր. հրավիրվել են աշխարհահռչակ գիտնականներ: Բաբկեն Թունյանը նշել է, որ նման  միջոցառումները նույնպես կնպաստեն երկրի ճանաչելիությանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի խնդրանքով Վահան Քերոբյանն անդրադարձել է վերահսկողության գործառույթներին եւ իրավակարգավորումներին, տուգանքներին, ինչպես նաեւ  Ջերմուկ քաղաքում զբոսաշրջային միջավայրի ակտիվացմանն ուղղված քայլերին, անվտանգությանը: