Վահան Քերոբյանը Ֆինլանդիայի դեսպանին ու պատվավոր հյուպատոսին ներկայացրել է ՀՀ-ում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 20֊ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ֊ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացմանը։
Իր խոսքում Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ հանքարդյունաբերության էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։
Քննարկվել է նաև հյուսիսբալթյան գործարարների հետ բիզնես կապերի ստեղծման հնարավորությունը։