Երևանում մեկնարկել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները

Երևանում մեկնարկել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները
Նոյեմբերի 21-ին Երևանում մեկնարկել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները, որոնց համանախագահներն են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։
Իր ողջույնի խոսքում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության խթանման անհրաժեշտությունը, և ԵՄ երկրների մեջ Հայաստանի ամենամեծ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը Գերմանիայի հետ  է։ 
 «Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները տարեցտարի զարգանում են և ընդլայնվում։ Այսպես՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 36․9%-ով», - նշել է Վահան Քերոբյանը։
Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են կայուն տնտեսական զարգացմանը, կլիմայական փոփոխություններին, վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը, մասնավոր հատվածի և ֆինանսական հատվածների զարգացմանը, տեխնիկական և մասնագիտական կրթությանն ու ուսուցմանը, Լավ կառավարմանը վերաբերող և այլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: