Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանել

Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանել
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր՝ նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված և ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն, իսկ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է վարչական պատասխանատվություն ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար։
Վերոնշյալ նախագծերի ընդունումը կնպաստի փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների կարգավորմանը և «փակ շրջանառու համակարգ» հասկացության հստակեցմանը։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ առաջիկայում կներկայացվի, թե ինչ է իրենից ներկայացնում «փակ շրջանառու համակարգը»: Այն կքննարկվի նաև խորհրդարանականների հետ:
Նախարարը հայտնել է, որ գերատեսչությունը չի սահմանի այնպիսի կարգավորում, որի պատճառով տնտեսվարողները վատ կամ անելանելի իրավիճակում կհայտնվեն: