Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը

Հայաստան այցելած Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանն օրերս հյուրընկալել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին Հայաստանում հյուրընկալելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ հաստատված ժամանակացույցի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքները ձևավորելու և նման մասշտաբային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով։

Մասնավորապես՝ ներկայացվել է խաղերի մասնակից երկրների պատվիրակություններին հյուրընկալելու համար Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը: Նախնական տարբերակով ավանը կընդգրկի շուրջ 12 հա մակերես՝ ներառելով հասարակական և բնակելի կառույցներ՝ ննջարանային ֆոնդով, ճաշարանով, մարզահրապարակներով, առողջապահական հատվածով և այլ ենթակառուցվածքներով:

Դիտարկվել են առաջարկվող տարբերակի ճարտարապետահատակագծային լուծումները և մանրամասն նկարագիրը:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տեխնիկական գնահատման առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել ներկայացվող առաջարկությունները՝ նշելով, որ առկա են միջոցառումը կազմակերպելու բոլոր նախադրյալները։ Միաժամանակ Զեյնա Մինան առաջարկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտ պայմանների վերաբերյալ։

Կողմերն ընդգծել են Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը։