ԼՂ–ից տեղահանվածների համար ևս 4,1 մլն դոլար կտրամադրվի. Սամանտա Փաուեր
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար 4,1 մլն դոլար լրացուցիչ գումար կտրամադրվի։Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում։
Հաշվի առնելով լրացուցիչ ֆինանսավորումը` 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ամերիկյան մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կկազմի մոտ 28 մլն դոլար։
Աջակցությունը կուղղվի շուրջ 74 000 փախստականի և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը։ Այս ֆինանսավորումը կբարձրացնի կենսական պարենային օգնությունը և կապահովի մարդասիրական պաշտպանություն ու ժամանակավոր ապաստան։
Հիշեցնենք` Սամանտա Փաուերը սեպտեմբերին այցելել էր Հայաստան և հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների համար 11,5 մլն դոլար կհատկացնի։
Աղբյուրը՝ armeniasputnik.am