ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը եւս երկու տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարությունն առաջարկել է նվիրատվության բոլոր գործարքների համար սահմանել պարտադիր նոտարական հաստատման եղանակ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով հետեւել նախագծի արդյունքներին՝ դրական կամ հնարավոր բացասական հետեւանքներին: «Արձանագրել ենք, որ այս փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ նոտարական գրասենյակների, նոտարի կողմից անշարժ գույքի հետ կապված գործարքն անփոփոխ, պետական գրանցում ենթադրող նաեւ գործընթացն ավարտին հասցնելու հարցի քննարկմանը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայության կարգավիճակը, ինչպես նաեւ պետական անտառների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմնի լիազորությունները: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ քննարկումների ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն առաջարկել է Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունն անվանափոխել Էկոպարեկային ծառայության, ինչն ընդունվել է:

Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նաեւ ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ:

Խորհրդարանը քվեարկություններով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է քննարկված օրենքներն ու օրենքների նախագծերի փաթեթները:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: