Որպես հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնական վերապատրաստվել և հավաստագիր է ստացել մասնակիցների երկրորդ խումբը

Որպես հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնական վերապատրաստվել և հավաստագիր է ստացել մասնակիցների երկրորդ խումբը
Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում 2024 թվականի հունվարի 1-ից կներդրվի անձնական օգնականի ծառայությունը։ Այն ուղղված է հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը՝ ապահովելով նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունրց։
Ըստ հաղորդագրության, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում պարբերաբար իրականացվող վերապատրաստման դասընթացների շրջանակում 21 անձ ծանոթացել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրենսդրական կարգավորումներին, մասնավորապես՝ անձնական օգնականի ծառայության ներդրման իրավական հիմքերին, շահառուների և տրամադրվող ծառայությունների շրջանակին, հաշմանդամության տարբեր տեսակների դեպքում անձնական օգնականի կողմից մատուցվող ծառայությունների առանձնահատկություններին, ինչպես նաև առաջին բուժօգնության ու խնամքի բաղադրիչներին։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության վերապատրաստում անցնելու վերաբերյալ հավաստագրեր։
Վերապատրաստման ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության դիմակայուն համակարգ» ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ֊ի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ֊ի մանկական հիմնադրամի (UNICEF) աջակցությամբ։