ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների մասին հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ ստորև

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների մասին հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ ստորև
Կենսաթոշակի ու նպաստի նշանակման համար արդյոք այս պահին կարիք կա մոտենալ Միասնական սոցիալական ծառայության որևէ տարածքային կենտրոն։
 Այս պահին` ո՛չ։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է համապատասխան օրենքները։ Այդ օրենքներով Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում առաջիկայում կսահմանվեն կենսաթոշակ նշանակելու պարզեցված ընթացակարգեր, կմշակվի և կներդրվի համապատասխան ծրագրային ապահովում։ Մանրամասներն առաջիկայում կներկայացվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում ու կայքէջում։
Կա՞ որևէ քայլ, որը կենսաթոշակառուն և նպաստառուն պետք է անի այս պահին։
Այո՛, առայժմ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ իրենց բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով):
Արդյոք որևէ իրավունք ձեռք բերում ենք անշարժ գույքի հանդեպ, եթե հաշվառվում ենք օրինակ՝ վարձակալած տան հասցեում։
Ո՛չ, հաշվառումը որևէ գույքային իրավունք չի տալիս։
Եթե վարձով տան սեփականատերը թույլ չի տալիս հաշվառվել իր տան հասցեով, ի՞նչ անել։
 Եթե նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում անձանց հաշվառելու վերաբերյալ, ապա Բնակչության պետական ռեգիստրում կատարվում է նշում անձի փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին․ այսինքն՝ հաշվառելիս կարող են նշել շենքի համարը կամ փողոցի անունը։
Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադի՞ր է։
 Ո՛չ, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը կամովի է։ Ձեր ունեցած ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, ինչպես նաև բնակության վայրում հաշվառումը բավարար են կենսաթոշակի կամ նպաստի նշանակման համար։
Արդյոք օրենքներով սահմանված նոր կարգավորումները, բացի տարիքային աշխատանքային կենսաթոշակից, վերաբերում են նաև զինվորական կենսաթոշակին, ծերության նպաստին, երեխայի խնամքի նպաստին, չաշխատող մայրերի մայրության նպաստին, հաշմանդամության նպաստին, կերակրողին կորցնելու նպաստին։
 Այո՛, կարգավորումները վերաբերում են նշված բոլոր վճարատեսակներին։
Արդյոք ստանալու ենք կենսաթոշակ ու նպաստ նույն չափով, որքան ԼՂ-ում։
ՀՀ-ում կենսաթոշակ ու նպաստ տրամադրվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով։