Կբարելավվի գյուղոլորտի պետաջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսվարող սուբյեկտների հարկային միջավայրը

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը և խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեությունը:
Օրենսդրական այլ նախաձեռնություններ
Հավանության է արժանացել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել, որ հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկություններն էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է ՀՀ առևտրային բանկերից՝ ՀՀ կենտրոնական բանկի միջոցով` մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային կարգապահության մակարդակը, ապահովել հարկային մարմնին վերապահված հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետությունը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» և «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Օրինագծերի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք՝ որը միտված է ավիացիայի զարգացմանը և ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը: ՀՀ ավիացիոն իշխանությունները կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ օրենսդրության համաձայն ներկայումս մատուցում են մի շարք ծառայություններ, որոնց համար սակայն չեն գանձում պետական տուրք կամ վճար:
Այս առնչությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պետական տուրք ծառայությունների 13 խմբերի (ներառում է 156 ծառայություններ) համար, մասնավորապես՝ աերոդրոմի, ուղղաթիռադաշտի համապատասխանության գնահատում և սերտիֆիկատի տրամադրում, թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և շահագործման թույլտվության տրամադրում, աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում), օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություն և համաձայնության տրամադրում կամ մերժում և այլն:
Նախագծով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները: