Կառավարությունը «Էյ Էմ գրուպ» և «Սեմիցվետ» ընկերություններին ազատել է ներմուծման մաքսատուրքից

Կառավարությունը «Էյ Էմ գրուպ» և «Սեմիցվետ» ընկերություններին ազատել է ներմուծման մաքսատուրքից

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից կօգտվեն «Էյ Էմ գրուպ» և «Սեմիցվետ» ընկերությունները:

«Էյ Էմ գրուպ» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների, ֆասադների, բազրիքների, ապակյա կառույցների և այլ նմանատիպ արտադրատեսակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և արտադրական շենքի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:

«Սեմիցվետ» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել Ecodentrix ատամի մածուկների և բերանի խնամքի պարագաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ներկայումս իրականացվում է 35 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 25 մլն դրամի կապիտալ ներդրում (սարքավորումների ձեռքբերում, պահեստների կառուցում) և 18 մլն դրամի ներդրում՝ հետազոտությունների իրականացման, նոր բաղադրատոմսերի ու ապրանքների մշակման և գովազդի համար։ Ներկայումս առկա է 2 աշխատատեղ 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 2028 թ.-ը ընկած ժամանակահատվածը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 28-ի՝ 150,000 դրամից մինչև 300 000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 212 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 12 մլն դրամ։