Կառավարությունը հավանություն է տվել միջազգային համագործակցության փաստաթղթերին

Կառավարությունը հավանություն է տվել  միջազգային համագործակցության փաստաթղթերին

Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 6 գրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ 5 մլն եվրո արժողությամբ պայմանագիրն ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը:

Ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացվել է մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ։ Ծրագրի գլխավոր և ամենամեծ բաղադրիչն է «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ» բաղադրիչը, որի ներքո մետրոյի գոյություն ունեցող դրենաժային թունելը հորատանցման եղանակով երկարացվել է 930 մետրով, ներկայում իրականացվում են մետրոյի վազորդային թունելներում դատարկությունների լցոնման, հակակոռոզիոն, դրենաժային աշխատանքներ, նախատեսվում է ամրակապի դետալների մատակարարում:

Ծրագրի ինժեների և Երևանի մետրոպոլիտենի հաշվարկով հիշյալ բաղադրիչի իրականացումից հետո մնալու են ազատ վարկային միջոցներ մոտ 2 մլն եվրոյի չափով, որը Երևանի մետրոպոլիտենը մտադիր է ուղղել լրացուցիչ աշխատանքների և բաղադրիչների ֆինանսավորմանը, այդ թվում՝ դեպոյի արդեն վերանորոգված տանիքի ֆինանսավորում, դռների վերանորոգում, շարժասանդուղքների ձեռքբերում և տեղադրում, անվասայլակների և անվազույգերի շրջանակների նորոգումը, կաբելների հենակների ձեռքբերում, մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում, դեպոյի ջեռուցման, լուսավորության և հրշեջ ազդանշանման համակարգերի տեղադրում: Ըստ այդմ՝ ներկայում նախատեսվում է վերոհիշյալ ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 6 գրության ստորագրումը, որով վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023թ. դեկտեմբերի 28-ը:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ է:

Ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից: Այն հանդիսանում է ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը: Ծրագրի նպատակն է նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար:

Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են`էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում, սեյսմիկ անվտանգության բարելավում, այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում, ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում, վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում: