Երկար սպասված նորություն Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի բնակիչների համար

Երկար սպասված նորություն Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի բնակիչների համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 9+600-ում (Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ) վերգետնյա հետիոտնային անցումի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման հայտարարություն և հրավեր (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2024/2Ն):
Խոսքն այն անցումի մասին է, որի կառուցման նպատակով շատ երկար և հետևողական համատեղ աշխատանք ենք տարել Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամասի բնակիչների մասնակցությամբ և ՏԿԵ նախարարության, Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Աբովյան համայնքի մեր գործընկերների ներգրավմամբ:
Հիշեցնեմ, որ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա անցումի կառուցման անհրաժեշտության մասին ինձ պարբերաբար դիմում էին Վերին Պտղնի բնակավայրի բնակիչները: Նրանք բարձրաձայնում էին, որ նշված ճանապարհահատվածի երթևեկությունը բավականին խիտ է, և բազմիցս վրաերթեր ու ավտոպատահարներ են տեղի ունեցել՝ ընդհուպ մահվան ելքերով:
Վերջիներս ներկայացրել էին իրենց առաջարկները, և քննարկել էինք լուծման տարբերակներ:
Բնակիչների հետ աշխատանքային կարգով քննարկումներ ենք ունեցել թե՛ մարզպետի աշխատակազմում, և թե՛ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ այցելելով բնակավայր:
Խնդրի վերաբերյալ իմ դիրքորոշումը միանշանակ էր ու հստակ և սկսեցինք քննարկումները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, Աբովյանի համայնքապետարանի և պատկան այլ կառույցների հետ՝ որևէ ծրագրով և բազմակողմանի համագործակցությամբ բարձրաձայնված խնդրին լուծում տալու նպատակով:
Եվ այսօր հպարտությամբ հայտնում եմ, որ արդեն իսկ ունենք վերգետնյա հետիոտնային անցումի կառուցման նախագծի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման հայտարարություն և հրավեր:
 Սա համագործակցված աշխատանքի արդյունքում հաջողության արձանագրումն է, որն ուղղված է մեր քաղաքացիների համար անվտանգ միջավայրի ապահովմանը:
Սա քաղաքացիների և պետական կառույցների համագործակցության փայլուն օրինակ է, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք:
Մեր քաղաքացիների ձայնը միշտ լսելի է: