20 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ՝ աճին, մրցունակությանը և կանաչ տնտեսությանն աջակցելու նպատակով

20 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ՝ աճին, մրցունակությանը և կանաչ տնտեսությանն աջակցելու նպատակով

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) աջակցում են հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ Արդշինբանկի միջոցով ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ՎԶԵԲ-ի մամուլի  ծառայությունը։ 

Հայկական առաջատար բանկը ՎԶԵԲ-ից կստանա 20 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ, որը կազմված է երկու հավասար վարկերից՝ մասնավոր հատվածին վերավարկավորելու նպատակով։ Այս գումարի կեսը վերավարկավորման տեսքով կտրամադրվի հայկական ընկերություններին`  նրանց աճն ու զարգացումը խթանելու նպատակով, իսկ մյուս 10 միլիոն ԱՄՆ դոլարը կօժանդակի էկոլոգիապես մաքուր սարքավորումների և ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համար արտադրության արդիականացմանն ուղղված ներդրումներին:

Այս ֆինանսավորումը վարկառուներին հնարավորություն կընձեռի բարձրացնել իրենց մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում՝ օգնելով դիվերսիֆիկացնել իրենց արտահանման շուկաները: Այն նաև կաջակցի առողջության և անվտանգության միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր գործելակերպի և ռեսուրսների արդյունավետության ներդրմանը: Վարկի առնվազն 70 տոկոսը կհատկացվի կանաչ տեխնոլոգիաների ֆինանսավորման նպատակով:

Վարկառուներն անվճար աջակցություն կստանան միջազգային խորհրդատուներից և իրենց ներդրումային ծրագրերի ավարտից հետո կօգտվեն գումարի վերադարձի (cash-back) արտոնություններից: Երկուսն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում և օժանդակում են Արևելյան գործընկերության (ԱյԳ) տնտեսական և ներդրումային ծրագրի նպատակներին, որոնք ներառում են աջակցությունը Հայաստանում 30,000 ՓՄՁ-ներին։ 

Ֆինանսավորումը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ-ի վարկային գիծ» համատեղ ծրագրի մի մասը, որի համար ՎԶԵԲ-ը գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ֆինանսավորում է տրամադրում ՄՓՄՁ-ներին, մինչդեռ ԵՄ-ն լրացնում է՝ խրախուսական դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տեսքով։ Այս ծրագիրը նաև հասանելի է Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժն ասաց. «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօրվա ստորագրմամբ Արդշինբանկը միացել է մեր ֆլեգշիփ ծրագրին, որի նպատակն է տեղական ընկերություններն ավելի «կանաչ» և ավելի մրցունակ դարձնել թե՛ տեղական և թե՛ միջազգային ասպարեզներում: Մեր ֆինանսական գործընկերոջ հետ այս համագործակցությունը, մեր երկարամյա դոնորի՝ Եվրամիության աջակցության հետ մեկտեղ, թույլ է տալիս մեծացնել հայկական ընկերություններին տրամադրվող մեր աջակցությունը: Ակնկալում ենք ավելի շատ հայկական ապրանքներ և հայկական ապրանքանիշեր տեսնել համաշխարհային շուկայում»:

Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթն ասաց. «Արտադրության ավելի կայուն և արդյունավետ մոդելի անցում կատարելու համար հայկական ընկերություններին տրամադրվող աջակցությունը ներդրում է ինչպես բիզնեսի, այնպես էլ շրջակա միջավայրի ապագայի համար: Եվրամիությունը հպարտ է աջակցելու այս նոր արտոնյալ վարկային գծին, որը կնքում են ՎԶԵԲ-ը և Արդշինբանկն այսօր։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Հայաստանի համար մեր տնտեսական և ներդրումային ծրագիրը գործուն է»։

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը նշեց. «Արդշինբանկը հարազատ է մնում ավելի արդյունավետ և էներգախնայող գործելակերպի ներդրման միջոցով ձեռնարկությունների և ընկերությունների դիմակայությունը բարձրացնելու հանձնառությանը: Մեր լայնամասշտաբ տարածաշրջանային ցանցի շնորհիվ այս միջոցների զգալի մասը ռազմավարական իմաստով կուղղվի շատ շրջաններում ՓՄՁ-ների ուժեղացմանը։ Այս օպտիմիզացված մոտեցումը, անշուշտ, կնպաստի այնպիսի միջավայրի ձևավորմանը, որը թույլ կտա ՓՄՁ-ներին բարգավաճել՝ զարգացնելով մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում: Ավելին, այն առանցքային դերակատարում ունի մեր երկրում ընթացիկ տնտեսական զարգացումը խթանելու գործում»։

1992թ-ին իր գործառնությունները մեկնարկելուց ի վեր ՎԶԵԲ-ը 2 միլիարդ եվրոյից ավել գումար է ներդրել Հայաստանում՝ 207 ծրագրերի շրջանակներում։