Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության հաղորդագրության,  վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ. բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված,

Ըստ աղբյուրի՝ այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ։

«Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։

Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն սահմանում,մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ կտեղակայվեն հսկիչ կետեր։ «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի։

Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր», - ասվում է հայտարարության մեջ։

«Մեր քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։

Հարգելի՛ քաղաքացիներ, Սևանա լճի հարակից համայնքների բնակիչ, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին հորդորում ենք արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից»,- հայտարարել է նախարարությունը:

Քաղաքացիներին և բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններին կոչ է արվել աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը։