Փորձագետ. Հայաստանի համար նոր ատոմային բլոկի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով բլոկներն են․ Արմինֆո

Փորձագետ. Հայաստանի համար նոր ատոմային բլոկի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով բլոկներն են․ Արմինֆո

Հայաստանը չի հրաժարվի ատոմային Էներգետիկայից, դա մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ անվտանգության ռազմավարության պահանջն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը' մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ուղիղ եթերի ժամանակ:

Մասնավորապես, կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի գործընկերների հետ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման շուրջ: "Հայաստանի առջև դրված է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման խնդիր, և մենք այսօր բանակցություններ ենք վարում Ռուսաստանի, ԱՄՆ - ի, Կորեայի մեր գործընկերների հետ և փորձում ենք հասկանալ, թե որ առաջարկները մեզ համար շահավետ կլինեն առևտրային և արդյունավետության տեսանկյունից", - ասել է Փաշինյանը, հավելելով, որ հայկական կողմը, մասնավորապես, հետաքրքրված է մոդուլային ռեկտորների նոր տեխնոլոգիաներով: Նա հիշեցրել է, որ դեռևս հունիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներն այցելել էին ԱՄՆ ՝ քննարկելու այդ հարցերը։ "Մենք պետք է որոշենք, թե որ տարբերակն է մեզ համար ձեռնտու, և կընտրենք ամենաընդունելի տարբերակը", - ասել է Փաշինյանը:

Մարջանյանն այս կապակցությամբ հիշեցրել է, որ վերջերս ամերիկյան NuScale Power ընկերությունը, որի հետ, ըստ էության, բանակցություններ էին ընթանում, հայտարարել է Այդահոյում իր տեսակի մեջ առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրերից՝ VOYGR-6 նախագծից հրաժարվելու մասին,  որը բաղկացած է 6 բլոկներից՝ յուրաքանչյուրը 77 ՄՎտ, 462 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Այդուհանդերձ, ինչպես կարծում է Մարջանյանը, չնայած, նույնիսկ, այդ փաստին, Հայաստանի նկատմամբ  ճնշումը կշարունակվի՝ ռուսական դիզայնով նախագծերից հրաժարվելու համար։ "Ինչ վերաբերում է փոքր մոդուլային կայաններին, ապա դրանք միայն թղթի վրա են, շահագործման մեջ դրանք, գործնականում, չկան եւ, որպես հետեւանք, դրանց անվտանգության եւ արդյունավետության մակարդակը գնահատելու հնարավորություն չկա", - նշել է փորձագետը:

Մարջանյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով  բլոկներն են, որոնք ապացուցել են իրենց անվտանգությունն ու արդյունավետությունը ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև աշխարհի շատ երկրներում, այդ թվում ՝ Եվրոպայում։ "Պետք է նշեմ, որ վերջերս Երևանում անցկացվեց հայկական ատոմային էներգետիկայի խնդիրներին նվիրված կլոր սեղան, որին մասնակցում էին տվյալ ոլորտի խոշոր գիտնականներ և մասնագետներ: Քննարկումների արդյունքում ապացուցվել է ВВЭР տիպի ռուսական էներգաբլոկի արդյունավետությունը, որը ծանոթ է հայ մասնագետներին և կարող է աշխատել 100 տարի", - նշել է Մարջանյանը։

Պատասխանելով այն հարցին, թե 1200 Մվտ հզորությամբ ռուսական ռեակտորը ինչպես կներգրվի Հայաստանի էներգահամակարգում, որի սահմանված հզորությունները չեն գերազանցում հենց նննույն 1200 Մվտ-ը, փորձագետը նշել է, որ մասնագետներն այդ խնդրին նույնպես անդրադարձել են կլոր սեղանի ընթացքում: Ապացուցվել է, որ Իրան-Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո այդ հզորությունները խոչընդոտ չեն հանդիսանա, քանի որ ի հայտ կգա ուղղակի փոխհոսքեր իրականացնելու և էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառելու հնարավորություն։

Մարջանյանը վստահ է, որ 1200 Մվտ հզորությամբ նոր ռեակտորի գինը խոչընդոտ չի հանդիսանա։ Այդ հարցի լուծման համար կան բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ Բելառուսում բլոկների ֆինանսավորման սխեմա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը հաղորդել էր, որ սկզբունքային որոշում է կայացվել երկրում նոր բլոկ կառուցելու մասին՝ օգտագործելով ռուսական ՏՕԻ ռեակտորը ՝ 1200 Մվտ հզորությամբ: Սակայն, ինչպես հետագայում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության բլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: "Մինչև 2023 թվականի ավարտը մենք պետք է որոշում կայացնենք ռեակտորի տեսակի մասին", - ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք, որ այժմ գործում է ՀԱԷԿ-ի միայն երկրորդ էներգաբլոկը։ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է դրա շահագործման ժամկետի երկարաձգում մինչև 2036թ., ինչպես նաև նոր բլոկների փուլային շահագործման հանձնում: