Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր

Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր
«Յունիբանկ» ԲԲԸ-ն դարձել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր: Համագործակցության պայմանագիրը ստորագրեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը։
«Ըմբշամարտը Հայաստանում ամենասիրված մարզաձևերից է։ Մեր ըմբիշները միշտ մրցանակային բարձր տեղեր են նվաճում և արժանանում մեդալների: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ձեռքբերումները և ուրախ ենք աջակցել մեր մարզիկներին, որոնք, վստահ եմ, նոր մրցաշրջանում կրկին փայլուն հաղթանակներով կուրախացնեն երկրպագուներին»,- ասաց Մեսրոպ Հակոբյանը։
«Սկսում ենք մեր համագործակցությունը Յունիբանկի հետ, որը ողջունելի քայլեր է ձեռնարկել՝ հանուն հայ մարզիկների և սպորտի զարգացման։ Վստահ եմ, որ այս համագործակցությունից գոհ կլինեն բոլոր ներգրավված կողմերը։ Հայկական սպորտի զարգացմանն ուղղված աշխատանքի պտուղները վայելելը երկար սպասեցնել չի տա։ Ըմբշամարտի մեծ ընտանիքի կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և բոլորիս մաղթել կանաչ և հաղթանակներով լի ճանապարհ», - նշեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:
Յունիբանկն իր ողջ գործունեության ընթացքում ակտիվորեն աջակցում է մարզիկներին և սպորտային տարբեր միջոցառումների անցկացմանը:  Բանկի ֆինանսական աջակցությամբ այս տարի բացվեց Unisport մարզական ակումբը, որը նպաստելու է տարբեր մարզաձևերի, այդ թվում՝ ըմբշամարտի  առաջխաղացմանը: Unisport ակումբին միացել են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն Վազգեն Թևանյանը:
Յունիբանկն ու Յունիսպորտ ակումբը կնպաստեն նաև մանկապատանեկան սպորտի զարգացմանն ու երիտասարդ սերնդին կհաղորդակցեն առողջ ապրելակերպին: