Գնել Սանոսյանը դիտարկել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Գնել Սանոսյանը դիտարկել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ դիտարկել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, այս պահին այդ տարածքում կապալառու ընկերությունը իրականացնում է պայթեցումներ, որից հետո ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները։ Շինարարը նախարարին մանրամասն ներկայացրել է աշխատանքների ընթացքը, խնդիրները։
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։
Նախարարի հաջորդ կանգառը «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ հատվածն էր (Աշտարակ-Թալին), որտեղ ևս մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին։
Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թվաքանակը։
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի կառուցումն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Նախարար Սանոսյանը մի քանի այլ կանգառներ է կատարել նշված ճանապարհահատվածների տարբեր շինհրապարակներում և հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։