Սկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալ

Սկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալ

Հայաստանն այսօր նման է մի մարդու, ով կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել երկրի Արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը, մեկնաբանելով այն խնդիրները, որոնց հայ արտահանողները հերթական անգամ բախվել են «Վերին Լարս» հսկիչ անցակետում: Իրավիճակն սպասելի էր, բայց կարող է պատային դառնալ, ինչի առնչությամբ դրա լուծումը հետաձգելը նման է մահվան։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առևտրային կցորդ Վահան Հակոբյանի հավաստմամբ, այս պահին մոտ 1600 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետով երթևեկելուն. Հայաստանից դուրս է եկել շուրջ 800 բեռնատար մեքենա և գտնվում են Վրաստանի տարածքում՝ հսկիչ անցակետի մուտքի մոտ, նույնքան էլ կանգնած են հակառակ ուղղությամբ՝ Ռուսաստանի տարածքում:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին պատմել է Հակոբյանը, դեռևս հոկտեմբերի 26-ին Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան և մերկասառույցի պատճառով կրկին սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը, իսկ 27-ի առավոտյան ճանապարհը փակ էր նաև մարդատար և ուղեւորատար փոխադրամիջոցների համար: Ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո վրացական կողմում այսօր կեսօրին վերականգնվել է մարդատար տրանսպորտի երթևեկությունը: Հնարավոր է՝ այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան ճանապարհը բացվի նաև բեռնատարների համար։

Բացի եղանակային պայմաններից, հայ փոխադրողները բախվել են երկրների հարաբերություններում սառեցման արձագանքներին։ Գյուղմթերք, ծաղիկներ և տարբեր տեսակի սննդամթերք փոխադրող բեռնատարները մի քանի օր կանգնած են ռուս-վրացական սահմանին։

«Ավելի վաղ "Ռոսսելխոզնադզորը" նախազգուշացրել էր ՌԴ բոլոր անցակետերում խստացված հսկողության մասին՝ կապված հսկիչ անցակետերից մեկում կոպիտ խախտումների հայտնաբերման հետ: Ինձ հավաստիացրեցին, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում ոչ միայն հայ փոխադրողների, այլև վրացական, թուրքական և այլ փոխադրողների նկատմամբ։ Այնուամենայնիվ, հայկական կողմը մշտական քննարկումներ է ունենում ՌԴ բուսասանիտարական ծառայության հետ, Պետեկամուտների կոմիտեն՝ իր մակարդակով, Սննդամթերքի անվտանգության տեսչությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը՝ իրենց մակարդակով։ Արագ արդյունքի հասնելու մեծ հույսեր կան», - հաղորդում է Հակոբյանը։

Արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդքան լավատես չէ: «Անցակետում իրավիճակը շատ վատ է։ Սկսեցին հարվածել ցավոտ կետերին», - հայտարարում է նա։

Փորձագետը հիշեցնում է, որ 2018 թվականից Հայաստանը գնալով ավելի սրընթաց կախվածության մեջ է մտնում ռուսական շուկայից։ Վերջին երկու տարիներին կախվածությունը դարձել է աղետալի: «Վատ էր, դարձել է սարսափելի. այսօր հայկական ամբողջ արտահանման կախվածությունը ռուսական շուկայից գերազանցում է 50% - ը, ՀՀ-ից պատրաստի արտադրանքի արտահանման ավելի քան 80%-ի համար իրացման շուկան նույնպես ՌԴ-ն է։ Ստացվում է, որ, մի կողմից՝ մենք քաղաքականապես հեռանում ենք Ռուսաստանից, մյուս կողմից՝ ավելի ու ավելի ենք ինտեգրվում տնտեսապես, ինչն անհեթեթ է, հաշվի առնելով, որ տնտեսության ոլորտում զարգացումները, հիմնականում, քաղաքական փոխհարաբերությունների ածանցյալ են", - նշում է Ստեփանյանը։

Ընդ որում, "Վերին Լարսում" հայ փոխադրողների նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ վատ է եղել, իրավիճակը վատթարանում է "վերեւներում" հարաբերությունների ամեն սրման դեպքում, նշում է փորձագետը: Վերևներից ստանում են ցավ պատճառելու, Հայաստանին իր տեղը, կախման քաշն ու աստիճանը ցույց տալու հրաման։ Այնուհետեւ անում են՝ ինչ ուզում են: «Մենք բոլորս խոցելի ենք ռուսական մաքսատան առջև, ինչպես խորհրդային ժամանակների ճանապարհային ոստիկանի առջեւ, որը կարող էր ձեզ մեղադրել առաջին օգնության պարագաների և կրակմարիչի բացակայության պատրվակով: Եվ ուժերի նման անհավասարակշռության դեպքում ակնհայտ է, որ այսօր, առավել քան երբևէ, ուժեղ ռուս մաքսայինի մոտ միշտ մեղավոր է անզոր արտահանողը", - նշում է փորձագետը։

Հերթական անգամ, նոյեմբերի կեսերից ուժեղացնելով վերահսկողությունը, ռուսական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ ուժեղացված ռեժիմով ստուգման ենթակա են բոլոր երկրների ներկրողները։ Իրականում, պայմանները հերթական անգամ անհավասար են, պնդում է Ստեփանյանը։ Նա տարակուսում է. չգիտես ինչու՝ Հայաստանի իշխանությունները սրբորեն հավատում են, որ ռուսական կողմը հայկական ապրանքները բաց չի թողնում դրանց վատ որակի պատճառով։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը և այլ պետական պաշտոնյաներ կարծում են, թե խնդիրն արտադրանքի որակն ու փաստաթղթերն են։ Այդ առնչությամբ ամեն «սրացման» դեպքում հայտարարում են քաղաքական ենթատեքստի բացակայության մասին։ «Որքա՞ն կարելի է ջայլամի քաղաքականություն վարել: Ոչ հայկական, ոչ ռուսական կողմերն անկեղծ չեն իրենց հրապարակային հայտարարություններում», - հայտարարում է «Էքսպորտ Արմենիա" - ի համահիմնադիրը։

«Այն, որ հայկական արտադրանքը կատարյալ չէ, հայտնի է բոլորին։ Հայտնի են նաև ուղեկցող փաստաթղթերի հետ կապված խնդիրները։ Հնարավոր է՝ ոմանց համար սա նորություն է, բայց ոչ մի երկիր չի կարող պարծենալ արտադրանքի և փաստաթղթերի իդեալական որակով. թերություններ կարելի է գտնել թե ռուսական, թե ամերիկյան, թուրքական ու եվրոպական արտադրանքի որակում։ Եվ մյուսների համար պայմանների խստացման ֆոնին Ռուսաստանում ցանկանում են հեշտացնել վրացական կոնյակի սպիրտի ներկրման գործընթացը։ Չէ՞ որ դա չի առնչվում արտադրանքի որակին կամ փաստաթղթերին: Հայկական արտադրանքը ոչնչով չի զիջում վրացականին կամ թուրքականին։ Սակայն հակառուսական պատժամիջոցներին չմիանալու իրենց դիրքորոշումը վրացիները շատ հմտորեն եւ թանկ են վաճառում ռուսական կոնտրագենտներին», - հայտարարում է փորձագետը։ Նա ներկայացնում է նաեւ ինսայդերական տեղեկատվություն՝ այն մասին, որ «դեկտեմբերի կեսերից ցավ կպատճառեն ոչ թե յուրաքանչյուր տասներորդին, այլ բոլոր նրանց, ովքեր հատում են հսկիչ անցակետը։ Ահա այդպիսի նվեր Նոր տարվա համար»:

Էմիլ Ստեփանյանի կարծիքով՝ այսօր արդեն պարզ է, որ կողմերից ոչ մեկը չի ընկրկի։ Այն պայմաններում, երբ հարցերը լուծվում են «ամենավերևում», ոչ էկոնոմիկայի նախարարը, ոչ էլ տնտեսական բլոկից որևէ մեկն ի զորու չէ ազդել իրավիճակի վրա։ Էկոնոմիկայի նախարարությունը միայն պետք է ԱԳՆ-ի հետ համատեղ զբաղվի տնտեսական դիվանագիտությամբ և պատրաստի հակաճգնաժամային հրատապ միջոցներ. հավաքի իր դեսպաններին և խնդրի նրանց, գոնե որոշ ժամանակով, զբաղվել տնտեսական կապերի հաստատմամբ։

«Արտաքին քաղաքական վեկտորի մասին որոշումը կայացվել է, ճիշտ է, թե՝ սխալ, խոսքը հիմա դրա մասին չէ։ Այս պայմաններում իշխանություններն օպերատիվ կարգով պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն արտահանողներին աջակցելու եւ, առաջին հերթին, իրացման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Դա վերաբերում է լոգիստիկայի, սերտիֆիկացման, մարքեթինգի եւ այլ ծախսերի փոխհատուցմանը", - նշում է նա։

Փորձագետը խոստովանում է, որ այդ միջոցներով, իհարկե, չի կարելի լուծել արտահանողների խնդիրները, եթե նրանց համար փակվի կամ, նույնիսկ, սահմանափակվի ռուսական շուկան։ Ի վերջո, նույնիսկ իրացման 10 նոր շուկաները չեն փոխարինի մեկ ռուսականին։ «Խորը ճգնաժամ կլինի, կփակվեն ձեռնարկություններ, առնվազն 5 տարի կպահանջվի իրացման շուկան ինչ-որ կերպ դիվերսիֆիկացնելու համար, և փաստ չէ, որ ծավալները կվերականգնվեն։ Կրկին հիշենք շուկաների դիվերսիֆիկացման վրացական փորձը և, որպես արդյունք, վերադարձը ՌԴ շուկա՝ գրեթե 70-80% արտահանման կախվածությամբ", - եզրափակում է Էմիլ Ստեփանյանը։

Այստեղ հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, թե Կրեմլում ակնկալում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթաժողովներին: Հոկտեմբերին Փաշինյանն արդեն բաց է թողել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը Բիշքեկում։ Նա նաև հրաժարվել է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Մինսկում: Կրեմլում ափսոսանք են հայտնել այդ որոշման կապակցությամբ։ 2023 թվականին Երևանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ-ի հետ համատեղ երկու զորավարժության ։ Սեպտեմբերին հայկական կողմը հետ է կանչել կազմակերպությունում իր ներկայացուցչին։ Փաշինյանն ընդգծել է, որ երկիրը կարիք ունի դիվերսիֆիկացնել հարաբերությունները անվտանգության ոլորտում և հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը ։ ՌԴ ԱԳՆ-ը Երևանին մեղադրել է  Ռուսաստանի շահերն անտեսելու համար և հայտարարել Հայաստանի իշխանությունների՝ երկու աթոռի վրա նստելու փորձի մասին: