Բանկերին հնարավորություն է ընձեռվել տեղադրելու բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր նաև բանկի տարածքից դուրս

Բանկերին հնարավորություն է ընձեռվել տեղադրելու բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր նաև բանկի տարածքից դուրս
Կենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը․ կանոնների վրա հիմնված կարգավորումից անցում է կատարվել սկզբունքների վրա հիմնված կարգավորման: Ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կարող են ինքնասպասարկման սարքերի միջոցով մատուցել իրենց լիցենզիայով թույլատրված բոլոր ֆինանսական գործառնությունները՝ պահպանելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքները:
Ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության՝  այս փոփոխությունները սպառողներին հնարավորություն կտան շուրջօրյա և հասանելի վայրերում օգտվելու ինքնասպասարկման սարքերի միջոցով առաջարկվող ծառայությունների ընդլայնված շարքից՝ առանց ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության։
Այսպես՝ փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել բանկերին՝ տեղադրելու բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր բանկի գլխամասի և մասնաճյուղերի տարածքից դուրս գտնվող այլ վայրերում ևս։ Վարկային կազմակերպությունները և փոխանակման կետերը ինքնասպասարկման սարքերով կկարողանան մատուցել իրենց լիցենզիայով նախատեսված ծառայությունները: Վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրվել է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնել կանխիկի տրամադրման ծառայություններ, եթե վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից շահագործվող սարքերն ունեն համապատասխան տեխնիկական և ծրագրային հնարավորություններ:
Ակնկալվում է, որ կատարված փոփոխությունները կնպաստեն ֆինանսական ծառայությունների հասանելիության ավելացմանը և հանրության կողմից ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնմանը: