Խաղահրապարակ` Նորաշեն բնակավայրում
Սևան համայնքի Նորաշեն բնակավայրում արդեն մեկ տարի գործում է նախադպրոցական այլընտրանքային ծառայություն, որը բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծել է բարենպաստ միջավայր` տարիքին համապատասխան կրթություն և դաստիարակություն ստանալու համար:
Մինչ նորաշենցի փոքրիկներն իրենց հերթական պարապմունքն էին անցկացնում հարմարավետ և անվտանգ պայմաններում, դրսում աշխույժ եռուզեռ էր. բակային տարածքը համալրվում էր խաղամիջոցներով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, բակային խաղամիջոցների հերթական խմբաքանակն էր ուղարկել, որի շնորհիվ ոչ միայն նախակրթարանի, այլ նաև բնակավայրի երեխաների ազատ ժամանցն ու առողջ ապրելակերպին միտված միջոցառումները դառնալու են առավել համակարգված, հետաքրքիր և բովանդակալից:
Տեղեկացնենք, որ Սևան համայնքի Նորաշեն, Ծաղկունք և Գեղամավան բնակավայրերում 2022թվականից գործում են նախադպրոցական այլընտրանքային ծառայություներ, որտեղ 3-6 տարեկան երեխաները` 10-15 հոգանոց խմբերով, օրական 3-5 ժամ տևողությամբ, շաբաթական 5 օր՝ անվճար հիմունքներով, ստանում են անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ:
Ծրագիրն իրականացվել է «Ապագան՝ այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից` ԵՄ-ի ֆինանսավորմամբ, համագործակցությամբ Սևանի համայնքապետարանի:
Նորաշենում և Ծաղկունքում վերանորոգվել են համապատասխան տարածքներ, Գեղամավանում ծառայությունը գործում է մանկապարտեզի շենքում:
Տարածքները կահավորվել է համապատասխան գույքով, համալրվել դիդակտիկ նյութերով և խաղամիջոցներով, կահավորվել են խաղահրապարակները, որն էլ ամբողջացավ Նորաշեն բնակավայրում խաղահրապարակի համալրմամբ:
Սևանի համայնքապետարանն իրականացնում է ծառայությունների իրականացման համար նախատեսված տարածքների պահպանման, անձնակազմի վարձատրության հետ կապված ծախսերը: