ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. Քերոբյան

ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համոզված է, որ ԵԱՏՄ անդամակցությունը չի խանգարում Հայաստանին ապրանքներ արտահանել ԵՄ:

«Նման բան չկա: Հենց նույն Ղազախստանի ամենախոշոր առևտրային գործընկերներն են Ռուսաստանն ու Չինաստանը, գործնականում՝ միանման։ Նույնը կարելի է ասել Ղրղզստանի մասին», - նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ դեպի ԵՄ ապրանքների արտահանման հնարավորություն կա, և արտահանվում է։ Միաժամանակ, Քերոբյանը նշել է, որ արտադրվող արտադրանքը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին։

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 5.3 տրլն դրամ ($13.7 մլրդ) ՝ տարեկան աճի դանդաղումով մինչև 47.2% (նախորդ տարվա 62.5%-ից)։ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում առաջատարն, ավանդաբար, Ռուսաստանն է, որին բաժին է ընկնում առևտրի ծավալի 34,7%-ը՝ նախորդ տարվա 34%-ի դիմաց: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 4.2 մլրդ դոլար ՝ տարեկան 56.3% աճով:

Հայաստանի և Եվրամիության առևտրաշրջանառությունը 2023 թվականի 9 ամիսներին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Քերոբյանը, կազմել է մոտ 2,1 մլրդ դոլար, ինչը 40%-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Այսպես, 53 տոկոսով աճել են ապրանքաշրջանառության ծավալները Ֆրանսիայի, 40 տոկոսով՝ Գերմանիայի, 44 տոկոսով՝ Նիդերլանդների հետ։ Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից ԵՄ է արտահանվել 488 մլն դոլարի արտադրանք: Ընդ որում՝ դրանք ոչ միայն սննդամթերք և ալկոհոլային խմիչքներ են, այլև՝ տեքստիլ, արդյունաբերական արտադրանք, հանքաքար։ «Արտաքին առեւտրային կապերի դիվերսիֆիկացման համար էկոնոմիկայի նախարարությունն ընթացիկ տարում գործարար համաժողովներ է կազմակերպել Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում», - հաղորդել է Քերոբյանը, հավելելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը առավելագույն ջանքեր է գործադրում արտահանվող արտադրանքի տեսականու ընդլայնման համար: Նա նաև նախազգուշացրել է, որ հայկական արտադրանքի որակի նկատմամբ վերահսկողությունը կսկսի աստիճանաբար խստանալ։ Դա թույլ կտա վերացնել եվրոպական շուկա Հայաստանի արտադրության ապրանքների մատակարարման խոչընդոտները։

Աղբյուրը՝   finport.am