Կառավարությունը շարունակում է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացի ապահովումը

Կառավարությունը շարունակում է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացի ապահովումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. ծրագրերի շրջանակում պետական աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով: Առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 15-ից հետո դիմած և չորրորդ եռամսյակում դիմող շուրջ 280 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 200 մլն։

Հաշվի առնելով ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև հոկտեմբերի 17-ի դրությամբ փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները՝ 2023 թ. չորրորդ եռամսյակի համար կպահանջվի ևս 200 մլն դրամ շուրջ 280 (45-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 65-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 170-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով) շահառուի վճարում իրականացնելու համար։

Ըստ հիմնավորման՝ 2023 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն հոկտեմբերի 17-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 2,649 շահառու, որոնց վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ, որից 388-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (363,489,828 դրամ), 777-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (34,802,908 դրամ), 1484-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (1,550,892,860 դրամ)։

Այս ցուցանիշները պայմանավորված են ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով: Ընդհանուր առմամբ, 2023 թվականին վճարվել է 1,949, 185,596 դրամ, որն ապահովվել է 2023 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար նախատեսված միջոցների, ինչպես նաև բյուջեի վերաբաշխման միջոցով։