Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Ճամբարակ համայնքում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Ճամբարակ համայնքում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ճամբարակ համայնքի Թթուջուր եւ Մարտունի բնակավայրեր՝ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով։
Ըստ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության, Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մարզպետի այցի առաջին կանգառը Թթուջրի վարչական շենքում էր, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Թթուջրի վարչական շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետանը։
Ծրագրով նախատեսված է վարչական շենքի տանիքի, հատակի, աստիճանների նորոգում, ներքին հարդարում, նոր դռների եւ լուսամուտների տեղադրում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից եւ նույն տարվա նոյեմբերի 29-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն Թթուջրի վարչական շենքում գործող կազմակերպությունների՝ գրադարանի, բուժկետի, փոստի, անասնաբուժական ծառայության աշխատանքային պայմանները։
Մարզպետի այցի հաջորդ կանգառը Մարտունի գյուղի մշակույթի տան տարածքի շինհրապարակում էր, որտեղ տուֆ քարով սալարկման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի փողոցի սալարկման պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է դեպի վարչական շենք տանող ճանապարհի սալիկապատում տուֆ քարով՝ 210 գծամետր երկարությամբ եւ շուրջ 1200 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ նույն տարվա նոյեմբերի 29-ի դրությամբ իրականացվել շուրջ 85 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Մարտունի գյուղում բարեկարգ տեսք են ստանում դեպի վարչական շենք, մշակույթի տուն ու դպրոց տանող ճանապարհները։
Մշտադիտարկման ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների ու բացթողումների շտկման նպատակով արեց դիտողություններ եւ առաջարկություններ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, ենթակառուցվածքների կառավարման եւ հողաշինության վարչությանը տվեց համապատասխան հանձնարարականներ։