Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում

Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում

Եթե գործարար կյանքում ESG-ն ընկերության և բազմաթիվ դերակատարների` բաժնետերերից, համայնքներից մինչև կարգավորող մարմինների միջև ձևավորվող վստահելի հարաբերությունների մասին է, ապա ոչ ֆինանսական հաշվետվականությունը` դրանց ամրապնդման: Ասում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը և շարունակում. շահակիցները չեն ցանկանում, որ ընկերություններն արտադրեն միայն լավ արտադրանք կամ մատուցեն լավ ծառայություններ: Ընկերությունների առաքելությունը նրանք ցանկանում են տեսնել նաև հանրօգուտ նպատակների սահմանման, դրանց ազնիվ ու թափանցիկ իրագործման մեջ:

Հարց է ծագում` իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանի գործարար հատվածում: Այդ հարցին պատասխանելու համար Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը այս տարվա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է «Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում» հետազոտությունը` նպատակ ունենալով պարզել ոչ ֆինանսական հաշվետվականության պրակտիկայի առանձնահատկությունները և զարգացման հնարավորությունները Հայաստանում: Կենտրոնի տնօրենը նշում է, որ հետազոտությունն իրականացվել է փորձագիտական հարցման միջոցով և ներկայացնում հետազոտության որոշ արդյունքներ: Այսպես` հայաստանյան ընկերությունների առանցքային ոչ ֆինանսական հիմնախնդիրների պատկերը բացահայտելիս փորձագետներն առավելապես կարևորել են կորպորատիվ կառավարման հիմնախնդիրները: Երկրորդ տեղում սոցիալական խնդիրներն են, իսկ ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, ապա փորձագետների կողմից այս բաղադրիչը չի բացառվել, սակայն երկրորդվել է: Օրինակ` միջազգային պրակտիկայում ESG «շարժման լոկոմոտիվ» և ներդրումային ռիսկ որակվող կլիմայի փոփոխությունների օգտին քվեարկել է փորձագետների ընդամենը 13%-ը: Հետազոտության արդյունքները պարզաբանելով` Նարինե Մելիքյանը նշում է, որ կիսում է հայաստանյան փորձագետների մոտեցումները, քանի որ չնայած բնապահպանական և սոցիալական խնդիրներն ավելի տեսանելի են և գրավում են լայն հանրության ու լրատվամիջոցների ուշադրությունը, լավ կառավարումն է այն ամուր հիմքը, որն ընկերություններին անհրաժեշտ է ESG կամ կենսակայունության արդյունավետ ռազմավարություն ձևավորելու համար:

Հայաստանում կորպորատիվ հաշվետվականության և թափանցիկության չկայացման հիմնապատճառները փորձագետները տեսել են կորպորատիվ կառավարման թույլ կամ չզարգացած պրակտիկայի (77%), oրենսդրական կարգավորումների (57%) և իրավակիրարկման կառուցակարգերի (50%) բացակայության մեջ: Փորձագետների 3/4-ի կարծիքով ոչ ֆինանսական հաշվետվականության միջոցով լուծվող առանցքային խնդիրը ընկերությունների ներդրումային գրավչության բարձրացումն է:

Շարունակելով ներկայացնել հետազոտության արդյունքները` Նարինե Մելիքյանը նշում է, որ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը (83%) Հայաստանում որպես ոչ ֆինանսական հաշվետվականությունը խթանող ուժ դիտարկել է պետական իրավասու մարմինները և համակարծություն են արտահայտել հարցում, որ պետությունը պետք է խրախուսի և աջակցի ոչ ֆինանսական հաշվետվականության պրակտիկա ունեցող ընկերություններին` որպես խրախուսման եղանակներ առանձնացնելով պետական աջակցության ծրագրերում (59%), գնումների գործընթացում առավելությունների (45%) և հարկային/մաքսային արտոնությունների (34%) տրամադրումը, իսկ որպես պետական աջակցության եղանակ` հանրային իրազեկվածության բարձրացումը (75%):

Փորձագետներն որպես ոչ ֆինանսական հաշվետվության մշակման և հրապարակման փորձառություն ունեցող ընկերություններ առանձնացրել են «Վիվա–ՄՏՍ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Լիդիան Արմենիա», «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունները, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերը:

Կենտրոնի տնօրենը նշում է, որ ոչ ֆինանսական հաշվետվականության պրակտիկան  բավականաչափ հետաքրքիր է դրսևորվում Հայաստանի բանկերում: Այսպես, բանկերը նախընտրում են իրենց գործունեության ոչ ֆինանսական բոլոր կամ առանձին ասպեկտների մասին հաղորդակցվել տարեկան հաշվետվությունների միջոցով: Սակայն այդ պրակտիկան կիրառում են ընդամենը ութ բանկեր, իսկ մնացած 10-ի կողմից կորպորատիվ հաշվետվականությունը նույնացվում է ֆինանսական հաշվետվությունների հետ:

Ամփոփելով` Նարինե Մելիքյանն ասում է, որ ոչ ֆինանսական հաշվետվականության ու թափանցիկության առումով հայաստանյան ընկերությունները կատարում են իրենց առաջին քայլերը, դրանք ամրապնդելու և միտումի վերածելու համար անհրաժեշտության կա բոլոր շահառու կողմերի համագործակցության և որպես համագործակցության հարթակ առաջարկում է Բիզնեսի բարեվարքության ակումբը: Նա կարևորում է նաև նշված հիմնախնդիրներ առնչությամբ գործարար հատվածի իրազեկվածության բարձրացումը, ինչին ըստ ամենայնի պետք է ծառայի Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից մշակված «Ոչ ֆինանսական հաշվետվականությունը» ձեռնարկը: Կենտրոնի տնօրենն ավելացնում է, որ  հետազոտության զեկույցը և ձեռնարկը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից իրականացվող «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում – 4-րդ փուլ» ծրագրի արգասիքներն են, որոնց կարելի է ծանոթանալ Կենտրոնի կայքէջում:

Աղբյուրը՝   finport.am