Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի. Քերոբյան

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8 200 դոլարի։

Նա այս մասին հայտարարել է «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում՝ ներկայացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը։
Նախարարը շեշտել է, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020 թվականի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100 տոկոսով։
Նրա խոսքով՝ թեպետ ցուցանիշով Հայաստանը բարելավել է դիրքերն այլ երկրների համեմատությամբ, սակայն շարունակում է մնալ համաշխարհային վարկանիշի 88-րդ հորիզոնականում:
Նա հիշեցրել է, որ աշխատանքի արտադրողականությունը խթանելու համար կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց թվում է տնտեսության արդիականացումը։ Այս ծրագրով կառավարությունը սուբսիդավորում է ընկերությունների ձեռք բերած նոր հոսքագծերի, սարքավորումների վարկերի տոկոսների մեծ մասը։
«Կանխատեսումներով այս տարվա վերջին ավելի քան 3 հազար ընկերություն ձեռք բերած կլինեն մոտ 200 մլրդ դրամի սարքավորումներ, որոնք պետք է օգնեն այդ ընկերություններին դառնալ ավելի մրցունակ»,- ասել է Քերոբյանը։
Քերոբյանը հավելել է, որ կառավարությունը բազմապատկել է նախարարության տնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված բյուջեն։ Եթե 2020 թվականին այն կազմում էր 20 մլրդ դրամ, ապա 2024-ին կազմում է 92 մլրդ դրամ։
Աղբյուրը՝  banksnews.am