ՀՀ–ն ԵԱՏՄ-ում աշխատավարձերի ամենաբարձր աճն է գրանցել 2023–ի հունվար-սեպտեմբերին

ՀՀ–ն ԵԱՏՄ-ում աշխատավարձերի ամենաբարձր աճն է գրանցել 2023–ի հունվար-սեպտեմբերին
2023 թվականի հունվար-սեպտեմբերին Եվրասիական տնտեսական միությունում աշխատավարձերի ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում (2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժինը։
Հայաստանում աշխատավարձերի իրական (գնաճից մաքրված) աճը կազմել է 13,4%, Ղրղզստանում՝ 10,7%, Բելառուսում՝ 10,1%, Ռուսաստանում՝ 7,4% և Ղազախստանում՝ 0,9%: Անվանական արտահայտմամբ` աշխատավարձերն ամենաշատը աճել են Ղազախստանում և Ղրղզստանում, սակայն այդ երկրներում գրանցվել է բարձր գնաճ (օրինակ` Ղազախստանում 12-ամսյա գնաճը սեպտեմբերին կազմել է 11,8 տոկոս. խմբ.):
Հայաստանում գնաճն ավելի քիչ է «կերել» աշխատավարձերը, քանի որ գնաճի տեմպերը շարունակում են ցածր մնալ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 0,1 տոկոս: Աշխատավարձերն աճել են երկու պատճառով՝ ռելոկանտների ներհոսքի (հիմնականում Ռուսաստանից, նրանցից շատերը զբաղված են ՏՏ և ֆինանսական հատվածներում, այսինքն՝ բարձր վարձատրվող ոլորտներում) և Հայաստանի սպառողական շուկայում աճող աշխուժության (ինչպես ռելոկանտների ներհոսքի, այնպես էլ տեղի բնակիչների հաշվին):
Այդ պատճառով աճել են նաև առևտրի և սպասարկման ոլորտի, ինչպես նաև շինարարության ոլորտի (որտեղ պահպանվում է ակտիվությունը բնակարանային հատվածում) աշխատավարձերը։ Արդյունքում միջին անվանական աշխատավարձի ցուցանիշով Հայաստանը երրորդն է՝ առաջ անցնելով Բելառուսից (678 դոլար՝ 626 դոլարի դիմաց), սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է մոտ 20%-ով, ուստի Հայաստանում աշխատավարձերը դոլարային արտահայտմամբ ավելի մեծ են թվում: Ռուսաստանում միջին աշխատավարձը դոլարով կազմել է 857 դոլար, Ղազախստանում՝ 774 դոլար, Ղրղզստանում՝ 367 դոլար։
 
 
Աղբյուրը՝   armeinasputnik.am