Առաջարկվում է փոխել հաշմանդամություն ունեցող անձանց դեղերի տրամադրման կարգը

Առաջարկվում է փոխել հաշմանդամություն ունեցող անձանց դեղերի տրամադրման կարգը

Հայաստանում հաշվառված է 190 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող անձ։ Հաշմանդամության գնահատման ոլորտում արդեն գործում է 2 մոտեցում։ Առաջինը բժշկասոցիալական փորձաքնննությունն է, որը կատարվում է կրկնակի հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում։ Երկրորդը՝ անձի ֆունկցիոնալության գնահատումն է, որը կատարվում է առաջին անգամ դիմող անձանց պարագայում։ Վերջին տվյալների համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներով առկա է 184 հազար 62 հաշմանդամություն ունեցող անձ։ Պատճառների վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, 2-րդ տեղում՝ հոգեկան խանգարումները, 3-րդ տեղում տեսողական խնդիրները։ Ինչ վերաբերում է անձի ֆունկցիոնալության գնահատմանը, երբ քաղաքացիներն առաջին անգամ են դիմում, ապա այս տարի շուրջ 8 հազար 683 անձի դեպքում սահմանվել է հաշմանդամություն։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության  հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը նշեց, որ կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները լավարկվեն ու ավելի ընդգրկուն լինեն՝ հիմքում ունենալով մարդն իր կարիքներով։ Փոփոխություններ մտցվեցին վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացում։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հավաստագիր, որը ենթադրում է որոշակի գումար։ Անձն այդ հավաստագրով ինքն է որոշում, թե որ կազմակերպությունից ձեռք բերի աջակցող միջոցներ։ Հնարավորություն է տրվում նաև եղածին գումար ավելացնել և գնել իրեն հարմար աջակցող միջոցը։ Ասեմ, որ շահառուներից արձագանքները դրական են, 99 տոկոսով գոհ են այս փոփոխություններից»,-ասաց Աննա Հակոբյանը։ 

Հաշվի առնելով հավաստագրի տարբերակի հաջող փորձն՝ առաջարկվում է  նույն մոտեցումը կիրառել անվճար դեղերի տրամադրման գործընթացում։ Մարդուն իրավունք է վերապահվում պետության կողմից տրված որոշակի գնի սահմաններում դեղեր ձեռք բերել։ Այդ գումարով կարող է բժշկի նշանակած դեղը ձեռք բերել, այլ ոչ թե ստիպված լինի եղած ցանկից ընտրել այդ դեղամիջոցը։ Անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտրվի նաև հավելավճարով գնել իրեն հարմար դեղերը։  

Շարունակելով ծառայությունների ընդլայնման թեման՝ Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից ներդրվելու է անձնական օգնականի ծառայություն։ Հաշմանդամություն ունեցող անձը կունենա ընտրության երկու հնարավորություն։ Նա կարող է ինքն առաջարկել, թե ում է տեսնում անձնական օգնականի կարգավիճակում։ Այդ դեպքում պետությունը տվյալ անձանց կներգրավի վերապատրաստման աշխատանքներում։ Երկրորդ տարբերակով, պետությունը կարող է առաջարկել արդեն վերապատրաստված աշխատակցի։ Այսօր արդեն այդ աշխատանքները տարվում են, որ հունվարից վերապատրաստված մասնագետները պատրաստ լինեն անցնել աշխատանքի։ Երկու տարբերակով ընտրված անձնական օգնականները վարձատրվելու են։ Նախնական գնահատմամբ՝ անձնական օգնականի ծառայության կարիք կունենա հաշմանդամություն ունեցող 100 անձ։