ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մեծամասնությունը դեմ քվեարկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 3, դեմ՝ 7 պատգամավոր։ Նախագիծը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

Հոկտեմբերի 11-ին «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը մուտքագրել էր Ազգային ժողով օրինագիծը, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել հետևյալ լրացումը․ Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ 10-18 տարի ժամկետով։