ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով

ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ զերծ մնալու ուժի կիրառումից և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

«Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զերծ մնալու միջպետական ​​հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և խաղաղ ճանապարհով լուծելու մեր և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները», - ասվում է տեքստում։

Փաստաթուղթը նաև ընդգծում է «անհատական ​​և հավաքական ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»։ Բացի այդ, նշվում է, որ ՀԱՊԿ երկրները մտադիր են «շարունակել համատեղ գործունեությունն՝ ուղղված անվտանգության պահպանմանը և կազմակերպության պատասխանատվության գոտում ապակայունացնող ազդեցությունների կանխմանը»:

«Ընդգծում ենք դրա (խմբ․՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու) պարագծի երկայնքով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համար սպառնալիքներ ստեղծող սպառազինության համակարգերի տեղակայման անընդունելիությունը», - ասվում է հռչակագրում։

Բացի այդ, նշվում է, որ ՀԱՊԿ-ը չի ընդունում միակողմանի հարկադրանքի միջոցները, որոնք կիրառվում են ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ՝ որպես միջազգային հարաբերություններում քաղաքական, տնտեսական և ֆինանսական ճնշման գործիքներ։

«Մենք չենք ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Մենք խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտության գոտիներ օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների տեղաշարժի առնչությամբ»,- ասվում է տեքստում։

ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում նշվում է, որ կազմակերպության անդամները վճռական են հավաքական անվտանգության համակարգի հետագա ամրապնդման ջանքերն ընդլայնելու հարցում։