ՀՀ տնտեսությունը ո՞ր ոլորտներում է առաջ շարժվել 5 տարում․ԵԱՏՄ վիճակագրություն

ՀՀ տնտեսությունը ո՞ր ոլորտներում է առաջ շարժվել 5 տարում․ԵԱՏՄ վիճակագրություն

Հայկական փոքր տնտեսության դեպքում ավելի հեշտ է բարձր աճ ցույց տալ, քան ռուսական կամ ղազախական տնտեսության դեպքում։ ՀՆԱ-ի աճին մեծապես օգնել է նաև ռելոկանտների ժամանումը, սակայն որոշ ոլորտներ նաև առանց դրա են աճել։

5 տարվա ընթացքում՝ 2018-2022 թվականներին, Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի ամենաբարձր աճն է գրանցել։ Այդ մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատրաստած վիճակագրական տարեգրքի տվյալները։
2018-ին Հայաստանը միակ երկիրն է եղել, որտեղ ՀՆԱ աճի տեմպը գերազանցել է 5%-ը (5,2%), իսկ 2019-ին՝ 7%-ը (7,6%)։ 2020 թվականին անկումը հասկանալի պատճառներով ամենաբարձրն էր (7,2%) ԵԱՏՄ երկրների շարքում, իսկ 2021 և 2022 թվականներին ՀՆԱ-ի աճի տեմպերը կրկին ամենաբարձրն են (5,8% և 12,6%, վերջին դեպքում՝ մեծ տարբերությամբ)։
Աճի նման տեմպերը պայմանավորված են երկրի փոքր ծավալներով (խոշոր տնտեսություններում, այդ թվում՝ ռուսական կամ ղազախական, այսպիսի աճ գրեթե անհնար է), իսկ 2022 թվականին՝ նաև ռելոկանտների գործոնով, բայց ոչ միայն։ Այսպես` երկրի ՀՆԱ-ն հինգ տարվա ընթացքում 12,5 մլրդ դոլարից հասել Է 19,5 մլրդ-ի (հիմնական աճը գրանցվել է 2022 թվականին), արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4,0 մլրդ դոլարից հասել է 6,3 միլիարդի։
Հատկապես ուշագրավ է հիմնական կապիտալում ներդրումների աճը (այսինքն՝ ձեռնարկություններում մեքենաների, հաստոցների և արտադրության այլ միջոցների համար): Այն 0,9-ից հասել է 1,4 միլիարդ դոլարի։
Բացարձակ թվերով այն ամենափոքրն է ԵԱՏՄ-ում, բայց Հայաստանի աճի տեմպերը (հատկապես 2022-ին) ամենաբարձրն են միությունում։ Նույնիսկ Ռուսաստանում այդ աճը կազմել է 45% (բայց բացարձակ թվերով դա իհարկե շատ ավելին է՝ 413,1 միլիարդ դոլար)։
Նմանատիպ դինամիկա է նկատվել շինարարության ոլորտում․ գրանցվել է 0,5-ից մինչև 0,9 միլիարդ դոլար աճ, այսինքն՝ 80 տոկոս, այն դեպքում, երբ Ռուսաստանում այն աճել է 41 տոկոսով՝ 135,5–ից հասնելով 190,7 միլիարդի։ Երկու դեպքում էլ (և՛ արդյունաբերության, և՛ շինարարության) մյուս հանրապետություններում աճը զգալիորեն փոքր է եղել, կամ անկում է նկատվել։ Ներդրումների և շինարարության ոլորտներում աճը ռելոկանտների հետ կապված չէ։ Առաջին դեպքում դա կապված է սուբսիդիաների հետ (վարկերի և լիզինգի)՝ նոր սարքավորումների գնման համար, երկրորդ դեպքում՝ հարկային արտոնությունների հետ՝ առաջնային շուկայում հիփոթեքով բնակարան գնելու համար։
Հավելենք նաև, որ հիմնական կապիտալում ներդրումների զգալի աճը տնտեսության վրա ազդում է ոչ թե անմիջապես (ինչպես առևտուրը կամ ծառայությունների ոլորտը), այլ մոտակա մի քանի տարվա համար, քանի որ այն մեծացնում է բիզնեսի տեխնոլոգիական հագեցվածությունը: Զգալի աճ է նկատվել նաև ապրանքաշրջանառության ծավալների դեպքում (հատկապես եթե հանենք նավթի և գազի տեղափոխումը խողովակաշարերով)։
5 տարվա ընթացքում այն 1,6-ից հասել է 2 միլիարդ տոննա/կիլոմետրի (այսինքն՝ 25%), ընդ որում՝ հինգ տարվա ընթացքում մոտավորապես հավասարաչափ է աճել: Տոկոսային առումով Հայաստանի աճն այստեղ էլ է ամենաբարձրը եղել, թեև բացարձակ թվերով երկիրը, բնականաբար, խիստ զիջում է Ռուսաստանին (3 մլրդ 67,3 մլն տոննա/կիլոմետր) կամ Ղազախստանին (455,2 մլն տոննա/կիլոմետր)։ Ըստ ուղևորափոխադրումների (հստակեցնենք՝ ոչ թե միլիոն ուղևոր, այլ ուղևոր/կիլոմետր, այսինքն` 1 ուղևորի անցած 1 կիլոմետրը) Հայաստանը ԵԱՏՄ-ում միակ երկիրն է դարձել, որը 5 տարվա ընթացքում աճ է գրանցել՝ 2,5-ից հասնելով 3,3 միլիոնի: Մյուս բոլոր երկրներում անկում է գրանցվել, այդ թվում` Ռուսաստանում՝ 593,6 մլն-ից մինչև 508,3 մլն, Ղազախստանում՝ 281,5 մլն-ից մինչև 114,1 մլն:
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am