Տեղի է ունեցել «Գործատուների կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում

Տեղի է ունեցել «Գործատուների կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում
Սոցիալական գործընկերության շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Գործատուների կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, գործատուների շահերը ներկայացնող կազմակերպությունների, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է նախագծով նախատեսվող փոփոխությունները․ գործատուների կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևը, ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման իրավական հիմքերը, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև գործունեության հետ կապված հարաբերությունները։
 
Նախագծի նպատակը գործատուներին միավորվելու, իրենց շահերը պաշտպանելու և իրավունքները ներկայացնելու, ներկայացուցչական ճանաչվելու կարգավորումների համապատասխանեցումն է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման համար հիմքերի ապահովումն է։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն անդրադարձել է սոցիալական գործընկերությանը, որպես աշխատողների, գործատուների, նրանց ներկայացուցիչների և պետության միջև փոխհարաբերությունների համակարգ, որը կոչված է ապահովելու աշխատողների և գործատուների շահերը, իրավունքներն ու պարտականությունները։ Կայուն աշխատաշուկա, սոցիալական արդարություն և գործազրկության ցածր մակարդակ հնարավոր է ապահովել սոցիալական գործընկերության շրջանակում ստեղծված լիարժեք աշխատանքային իրավունքների իրացման դեպքում։
Քննարկման մասնակիցները խոսել են գործող օրենսդրական կարգավորումներից, ինչպես նաև նոր նախագծի վերաբերյալ ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները։
Հանդիպումն իրականացվել է «Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։