Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է  աշխատանքային այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին և նրա ղեկավարած պատվիրակությանը՝ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ջամալ Խանին, գրասենյակի հումանիտար ծրագրերի ղեկավար Անի Մելքումյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, բարեգործական ծրագրերի նախաձեռնող Լիլիա Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ:
Ըստ Լոռու մարզպետի աշխատակազմի հաղորդագրության, մարզպետ Արամ Խաչատրյանը ողջունել է տիկին դեսպանին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարության և դեսպանատան աջակցությամբ մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող մեծածավալ ծրագրերի համար.
-Վստահ եմ՝ սերտորեն կհամագործակցենք ձեզ հետ, տիկին դեսպան, ի շահ ՀՀ և ԱՄՆ ժողովուրդների,-ասել է Ա. Խաչատրյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ դեսպան Քրիստինա Քվինը նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը մշտապես բարձր մակարդակով է համագործակել Լոռու մարզպետի աշխատակազմի հետ, և այդ գործակցությունը կշարունակվի նաև այսուհետ: Նա մարզի ղեկավարից հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրերով:
Ա. Խաչատրյանը տիկին դեսպանին տեղեկացրել է, որ մարզի տարբեր բնակավայրերում ապաստան է գտել Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 6000 քաղաքացի, հանգամանորեն իրազեկել է պետական աջակցության բոլոր ծրագրերի մասին:
-Բացի պետական աջակցության ծրագրերից, զգալի աշխատանքներ են իրականացվել նաև բարեգործական մի շարք կազմակերպությունների, անհատ բարերարների կողմից: Ուզում եմ շեշտել հատկապես կամավորների աշխատանքը՝ ի դեմս այստեղ ներկա Լիլիա Աբրահամյանի, հանրության շրջանում սիրված Աննա Հովհաննիսյանի, Նարինե Ղազարյանի և այլոց: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շեշտել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքների աշխատակազմերի ներդրած մեծ ջանքերը՝ ուղղված մեր հայրենակիցներին,- ասել է մարզպետը:
Լիլիա Աբրահամյանն իր հերթին ընդգծել է կամավորական աշխատանքի կարևորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքները շատ բազմազան են, և նշել է, որ սիրով են ստանձնել մարդկանց օգտակար լինելու հաճելի պարտավորությունը:
Տիկին դեսպանը տեղեկացրել է, որ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը իրականացնում է մարդասիրական աջակցության ծրագրեր, և վերջինիս շրջանակում մեծաքանակ մանկական սնունդ և հիգիենիկ պարագաներ է բերվել Լոռու մարզ՝ թիրախային խմբերին՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին տրամադրելու նպատակով: Բաշխման աշխատանքները կհամակարգի Լիլիա Աբրահամյանը:
Ներկաներն այցելել են նաև Վանաձորի նախկին մանկատան տարածք, որտեղ էլ կայանել էին աջակցության բեռները: