Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է ֆինանսական կրթության համաշխարհային նոր ծրագրին

Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է ֆինանսական կրթության համաշխարհային նոր ծրագրին
Նոյեմբերի 23-ից Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Նիդերլանդների Ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության զարգացմանն ուղղված 2023-2027 թվականների ծրագրին։ 
Ծրագրի մեկնարկին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կենտրոնական բանկը։ Պատվիրակությունը ղեկավարում էր ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։ Տիկին Սվաջյանը ներկայացրեց Հայաստանում ֆինանսական կրթության ծրագիրը, այդ թվում՝ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը, ծրագրի հաջողությունները և մարտահրավերները։ Մասնակից երկրների ներկայացուցիչները հանդիպում ունեցան նաև Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի հետ, քննարկեցին ֆինանսական կրթության և բարեկեցության վերաբերյալ հարցեր։ 
Նիդերլանդների ֆինանսների նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Խելացի փողեր» (Money Wise) պլատֆորմի փորձառության վրա հիմնված այս նախաձեռնության անդամներն են Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Վրաստանը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Ռումինիան և Ուկրաինան։ Ծրագիրը գործում է 2018 թվականից, որին այս տարի միացան երեք երկրներ՝ Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան և Ուկրաինան։ 
Ծրագրի շրջանակում Հայաստանն աջակցություն է ստանալու ֆինանսական կրթության ու մարդկանց ֆինանսական բարեկեցության աճին միտված մոտեցումներ մշակելու հարցում՝ հաշվի առնելով մեր երկրի կարիքներն ու մարտահրավերները։ Ծրագիրի ներքո աշխատանքներ են տարվելու հետևյալ ուղղություններով՝ 
    • Հետազոտություն. չափահասների ֆինանսական կրթության մակարդակի գնահատում և վերլուծություն, առաջնահերթությունների բացահայտում, հատուկ մարտահրավերների ուսումնասիրություն՝ ներառյալ թիրախային հատուկ խմբերի կարիքները:
    • Զարգացում. աջակցություն ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունների նախագծմանը, վերանայմանը և իրականացմանը՝ հանրության կրթման և կարողությունների զարգացման միջոցով։
    • Գիտելիքների փոխանակում. երկրների միջև փորձի փոխանակման և երկխոսության ֆորումի ապահովում՝ խթանելով ծրագրի արդիականությանն ու ազդեցությանը։
Ֆինանսական կրթության վերաբերյալ համապարփակ նախաձեռնությունը ձևավորվել է 2002 թվականին ՏՀԶԿ երկրների կողմից: 2008 թվականին ՏՀԶԿ անդամակցող երկրները ստեղծեցին Ֆինանսական կրթության միջազգային ցանցը՝ փորձի փոխանակման, ռազմավարական առաջնահերթությունների քննարկման և արդիական հարցերի վերաբերյալ արձագանքներ մշակելու համար: ՏՀԶԿ Ֆինանսական կրթության միջազգային ցանցը, որին Հայաստանն անդամակցում է 2014 թվականից, ներկայացուցիչներ ունի ավելի քան 130 երկրների 280 պետական հաստատություններից, որոնց թվում են կենտրոնական բանկեր, կրթության և ֆինանսների նախարարություններ, ֆինանսական կարգավորող մարմիններ և վերահսկողներ:   
2020 թվականին ՏՀԶԿ Խորհրդի նիստը նախարարների մակարդակով ընդունել է հանձնարարական, որի նպատակը կառավարություններին ֆինանսական գրագիտության խթանման գործում աջակցել է: Հանձնարարականը միտված է ֆինանսական ոլորտում սպառողների բարեկեցության աճին՝ աջակցելով վերջիններիս ֆինանսական կրթության, ֆինանսական հասանելիության և սպառողների շահերի պաշտպանության հարցում։