ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար Հայաստանում բյուջեի նախագծով նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, ինչը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի նիստում ներկայացնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը: Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 20 առաջարկ, որոնցից Կառավարությունն ընդունել է 11-ը: Չի ընդունվել 4 առաջարկ, դրանց առնչությամբ տրվել են պարզաբանումներ:
«Դա հիմնականում պայմանավորված է ԱԺ-ում քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկները բյուջեում արտացոլելու անհրաժեշտությամբ, նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ: 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1.2 մլրդ դրամի չափով, այդ թվում՝ 900 մլն դրամը Հայաստանում կրթություն ստացող 4360 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, իսկ 300 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով: Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսվել է 46.1 մլրդ դրամ, որից կենսաթոշակների գծով՝ 22.5 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավում ծրագրի գծով՝ 2.6 մլրդ դրամ, սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում ծրագրի գծով` 1.6 մլրդ դրամ, անապահով սոցիալական խմբերին աջակցություն ծրագրի գծով՝ 1.5 մլրդ դրամ, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառման գծով՝ 15 մլրդ դրամ»,- ասել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանի խոսքով սա բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ: Այժմ քննարկումներ են ընթանում բնակարանային ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման եւ բնականոն կյանքին վերադառնալու ու այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, որոնց հաստատման ժամանակ կապահովեն ֆինանսական անհրաժեշտ միջոցներ:
Պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվել է աննախադեպ՝ 156 մլրդ դրամ մակարդակում: «Վստահ ենք, որ այս միջոցները բավարար են ֆիսկալ ռիսկերն ապահովագրելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հավելյալ կարիքները հոգալու համար:
Ակտիվ աշխատանք է տարվում նաեւ միջազգային գործընկերների հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով: Այս պահին հայտարարված բյուջետային աջակցության միջոցներ կան Եվրամիությունից, Ֆրանսիայից, Չինաստանից: Այս մասով ստացվելիք միջոցները պլանավորված չեն բյուջեում: Ուստի, դրանք ստանալուն պես կամ կնվազեցնեն բյուջեի պլանավորված դեֆիցիտը, կամ կնախատեսվեն հավելյալ հրատապ ծախսեր, որոնց հնարավոր չի եղել անդրադառնալ բյուջեի պլանավորման այս փուլում»,- ասել է Ֆինանսների նախարարը: